«Զարթոնք»-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից ցեղասպանության փորձը և ՀՀ իշխանության անգործությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

212648.thumb_.jpg

«Զարթոնք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապն ապահովող միակ միջանցքը փակելու և հումանիտար աղետին ձգտող ադրբեջանական նենգ քայլը հերթական անգամ ապացուցում է, որ

• ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ ապահովելու հայ ազգի անվտանգությունը Արցախի Հանրապետության տարածքում.

• ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ պահպանելու իր կողմից ստորագրած փաստաթղթերով սահմանված պայմանավորվածությունները:

Կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ ադրբեջանական իշխանության կազմակերպած այս գործընթացը (փորձը) տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո:

Միջազգային կառույցների և պետությունների քաղաքական ճնշումների բացակայության պայմաններում, Արցախը սնուցող միակ զարկերակը փակելու գործի հաջողումը ադրբեջանական իշխանության կողմից համարվելու է ցեղասպանության արտոնություն:

Կուսակցության գործադիր մարմինն այս իրավիճակի պատասխանատու է համարում նաև Հայաստանի իշխանությանը, որը տարբեր իրավական ակտերով պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի պաշտպանության հարցում, սակայն դրսևորում է հանցավոր անգործություն:

Մասնավորապես ՀՀ Գերագույն խորհրդի 08.07.1992թ. Հ. Ն-0663-1 որոշմամբ Հայաստանը պարտավորվել է «Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը», իսկ ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետով խոստացել է, որ ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:

2020թ. պատերազմից հետո ի հակասումն 09.11.2020թ. ստորագրված եռակողմ հայտարարության պահանջների Հայաստանի իշխանության կողմից միակողմանի զիջումները (Շուռնուխի, Որոտանի ճանապարհի և այլ բնակավայրերի), ինչպես նաև ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների ծավալապաշտական հայտարարությունների ներքո թշնամասիրական, կեղծ խաղաղասիրական քաղաքականություն վարելը վնաս է հասցնում հայ ազգի բարոյահոգեբանական վիճակին՝ թշնամուն գռգռելով անցնել գործողությունների:

Ի խախտումն ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի պահանջի, Հայաստանի Հանրապետության վրա 2022թ. սեպտեմբերի 13-ին զինված հարձակման ժամանակ ՀՀ կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն, ինչը նույնպես խանգարել է միջազգային կառույցների և պետությունների ներգրավմամբ Հայաստանի ինքիշխան տարածքից ադրբեջանական ուժերին դուրս վռնդելու գործընթացին:

Հակաժողովրդավարական մեթոդներով, այդ թվում՝ ոստիկանական բիրտ ուժ կիրառելով, շինծու քրեական գործեր սարքելով, հանրությանը «տուգանքի մատերիալ» դարձնելով, այս իշխանությունը փորձում է վերացնել ազգային, հայրենասիրական կամ ազգային ինքնության պահպանման բոլոր հնարավոր դրսևորումները:

Վերոգրյալը հաշվի առնելով,

Նկատի ունենալով այն, որ Կուսակցության կողմից հնչեցվող «բանակցողին փոխելու պահանջի հրամայականը» հենց այս օրվա համար էր,

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝

1. Դատապարտում է ադրբեջանական իշխանության կողմից ցեղասպանության փորձը՝ միջազգային հանրությանը կոչ անելով լռությամբ հանցակից չլինել միջազգային հանցագործությանը.

2. Դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունը՝ կոչ անելով՝

- վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին՝ հրաժարական ներկայացնել հնարավորություն տալով ազգային համախմբումով ձևավորվող ուժերին երկիրը դուրս բերել այս վիճակից.

- իշխանություններին՝ սատար կանգնել Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ հարցը հրատապ բարձրացնել միջազգային կառույցների առջև»։

--00—ԶՀ