Աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապարհի փակման նպատակը պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ՀՀ ՄԻՊ արդբեջանական շարասյուն Արցախ վթար

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Անգամ սկսնակ ուսումնասիրողի համար «ակտիվիստների» գործելակերպն արտացոլող տեսանյութերն ու տեղում ռուս խաղաղապահների հետ խոսույթի բովանդակությունը բացահայտում է «ակցիայի» շինծու բնույթը։

Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ միակ գազատարի տևական խափանման դեպքում, այժմ էլ, աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապարհի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու այդպիսով ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը։ 120 հազարից ավել խաղաղ ծերեր, կանայք, երեխաներ ու տղամարդիկ թակարդում են հայտնվել՝ վտանգված են նրանց կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։

Էթնիկ ատելությամբ (հայատյացությամբ) բորբոքվող ու սնուցվող այս քաղաքականությունն ուղիղ արտոնված է ադրբեջանական պետության իշխանությունների կողմից՝ ի հակադրումն միջազգային մարդու իրավունքների, ինչպես նաև այդ պետության կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։

Իրավիճակի վերաբերյալ փաստերը ներկայացրել եմ միջազգային իրավասու կազմակերպություններին ու դերակատարներին՝ պահանջելով աներկբա դատապարտել ցեղասպանական քաղաքականության այս ակտը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների աղաղակող ու շարունակական այս խախտումները» , - նշված է հայտարարության մեջ։

--00--ԱՀ