Փորձ է արվում սևացնել իմ անունը, ուրբաթ օրը ռեկտորի ընտրություններ են․ Բրյուսովի համալսարանի ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

fef24095.jpg

«Հայակական ժամանակ» օրաթերթում հրապարակված տեղեկությունները ներկայացված են խեղաթյուրված։ Այս մասին 24News-ին ասաց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Վարչապետի ընտանիքին պատկանող ՀԺ-ն, հղում անելով իր տեղեկություններին, «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում: Կարինե Հարությունյանն ասաց, որ այս հրապարակմամբ փորձ է արվում սեւացնել իր անունը։

«Փաստերը խեղաթյուրված են, սա հատուկ է արվում, ուրբաթ օրը ռեկտորի ընտրություններ են»,- նշեց նա։
Հարությունյանը նաև ասաց, որ տեղյակ չէ՝ իր վերաբերյալ քննվող որևէ գործ կա՞, թե՞ ոչ․ չի հարցաքննվել։

Թե՛ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, թե՛ Քննչական կոմիտեից, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ի հետ զրույցում չեն հաստատել Կարինե Հարությունյանին վերաբերող որևէ քրեական վարույթի մասին։

ՀԺ-ն գրել էր, որ Կարինե Հարությունյանը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, 10-ից ավելի ուսանողների անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ», «եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ», «համալսարանին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հանգստյան տունը մի քանի տարով տրվել է վարձով ցածր արժեքով՝ 200 հազարը չգերազանցող գումարով:

Մի քանի տարի հանրակացարանի պահպանման համար ծախսել է 125 միլիոն դրամի չափով գումար, բայց գործունեության համար՝ մուտքագրել մի քանի անգամ պակաս գումար», «համալսարանի ռեկտորը հնոցպանի հաստիքում հրամանագրել է անձի, որը չի եղել հանրապետությունում, սակայն նրա անվամբ դուրս է գրվել 700 հազար դրամ աշխատավարձ:

--00--ԶՀ