Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

33583_b

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել տիկին դեսպանի գործունեությունը մեր երկրում և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է դինամիկ զարգացում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությամբ, մեր երկրում իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Վարչապետը հավելել է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում ևս իրականացվող ծրագրերը նպաստում են երկկողմ փոխշահավետ կապերի ընդլայնմանը:

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ սերտ համագործակցության համար և նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էապես նպաստել են մեր երկրում ժողովրդավարության առաջմղմանը:

Այս համատեքստում, դեսպանն ընդգծել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում և պետական կառավարման ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացման փաստը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Վարչապետ Փաշինյանը Լին Թրեյսիին մաղթել է նորանոր հաջողություններ՝ հետագա գործունեության ընթացքում:

--00—ՅՄ