Հրապարակվել է դատավոր «Սամվել Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ՄԻԵԴ

Դեկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է դատավոր «Սամվել Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Գործով Եվրոպական դատարանը գտել է, որ նախկինում գործող Արդարադատության խորհրդի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման առհասարակ բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով պաշտպանվող դատարանի մատչելիության իրավունքը։

Դիմումատուն պնդել էր որ իր՝ որպես դատավորի, լիազորությունների դադարեցումն իր կողմից կայացված դատական ակտի պատճառաբանված չլինելու հիմքով՝ խախտել է իր խոսքի ազատության իրավունքը։ Այս մասով Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի պահանջը Կոնվենցիայով պաշտպանվող իրավունք չի պարունակել։

Ըստ դատարանի՝ դիմումատուն երբևէ հրապարակային կարծիք չի արտահայտել, այլ ընդամենը կայացրել է դատական ակտ, որի պատճառաբանվածության հարցը Եվրոպական դատարանի իրավասության տիրույթից դուրս է։ Դատարանը գանգատն այս մասով ճանաչել է անընդունելի։ Դատարանը գտել է նաև, որ դիմումատուի փաստարկները խտրական վերաբերմունքի ենթարկվելու մասով ակնհայտ անհիմն են, ուստի գանգատն այս մասով մերժվել է։

Իր հերթին, իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հայաստանյան դատարանները մերժել էին վարույթ ընդունել և քննել Մնացականյանի հայցը:

«Հայաստանյան դատարանները ամրագրեցին, որ մարդը, եթե նա դատավոր է, Հայաստանում չունի և չպետք է ունենա իր իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ դատական պաշպանության իրավունք:

Հիշեցնենք, որ դատավորը 2011 թ. ակնհայտ անմեղ մեղադրյալի (կարճ ժամանակ անց, առանց դատարան հասնելու՝ արդարացվեց) կալանքը փոխարինել էր գրավով՝ դատական նիստին ներկա դատախազի համաձայնությամբ, սակայն նրա նկատմամբ հետապնդում սկսվեց, քանի որ դրա վերաբերյալ «վերևից» հրահանգ չէր ստացել և գործել էր՝ «ինքնագլուխ»:

Նախորդ ռեժիմների ժամանակաշրջանում կալանքից նվազ խափանման միջոց նշանակելու հարցը որոշվում էր Բաղրամյան 26-ում և հրահանգը կարող էր դատավորին փոխանցվեր դատական ամենավերին պաշտոնից, և դատավոր Մնացականյանը պատժվեց, որպեսզի որևէ այլ դատավորի մտքով չանցնի՝ շեղվել հաստատված կարգից. եթե չկա հրահանգ, որ կալանք չի կիրառվելու, ապա լռելյայն պետք է կիրառվի կալանք»,- գրել է Զեյնալյանը՝ ցավով նշելով, որ թեև  Եվրոպական դատարանը բավարարել է իրենց բողոքը, սակայն Մնացականյանը 2021-ին հեռացել է կյանքից ու չի տեսել  արդարության հաղթանակը:

--00—ՅՄ