Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

6.jpeg

Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի, Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոյի, Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփի, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ հանդիպմանը:

Վլադիմիր Վարդանյանը կարևորել է ոչ միայն մեր երկրի` տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը, այլև ընդգծել ԵՄ ժողովրդավարական երկրների` այդ հարցում աջակցության անհրաժեշտությունը:

Ըստ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` խաղաղությունը երկկողմանի գործընթաց է: «Ավտորիտար պետության հետ մենք պատրաստ ենք գնալ խաղաղության, սակայն խաղաղության հասնելը երկկողմանի գործընթաց է»,- նշել է Վլադիմիր Վարդանյանն ու հավելել, որ Հայաստանն ապրում է ադրբեջանական ագրեսիայի ամենօրյա սպառնալիքի ներքո:

Վլադիմիր Վարդանյանի հավաստմամբ՝ Արցախում ավելի բարդ է: «Լեռնային Ղարաբաղում կարող ենք ունենալ ցեղասպան իրավիճակ»,- ասել է ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ Արցախը Հայաստանի և քաղաքակիրթ աշխարհի հետ կապում է 5 կիլոմետրանոց ճանապարհ, որը պարբերաբար փակվում ու բացվում է:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի կարծիքով՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով: «Խնդիրը պետք է լուծվի միմյանց միջև հավասար հարաբերությունների և տնտեսական կապերի հաստատման ճանապարհով»,- նշել է Քրիստիան Հաասեն ու փաստել, որ իրենք քննադատաբար են մոտենում ադրբեջանական ագրեսիային: «Ադրբեջանը պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր ագրեսիա տարածաշրջանը կվերածի պայթյունավտանգ տակառի»,- ասել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորը:

--00--ԶՀ