Լավրովը փաստեց՝ ինքը սխալ էր, ես՝ ճիշտ. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

 

Այժմ քննարկումներ են գնում Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ վերջին նիստին չստորագրված փաստաթղթի վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ քննարկումների գործընթացը շարունակվում է փաստաթղթում առկա ձևակերպումների մասով։

Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակատեր դնելու լուրերին՝ ասաց, որ Հայաստանն այդ ամենին բացասական է վերաբերվում։

«Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբերի վերահսկողության տակ և հանդիսանում է պատասախանատվության գոտի, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ»,-հավելեց ԱԺ նախագահը։

«Այն քայլերը, որոնք մինչև օրս արվել են Հայաստանի կողմից, ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանը որևիցե պարագայում Արցախը չի թողել և չի էլ թողնելու»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ասաց․ «Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը ևս  մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը կար,  և՝ ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության,  ռուս լրագրողների հետ իմ ասուլիսի հայտնի տեսանյութը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը՝ ճիշտ չէր»։

«Այդ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԻԴ