Դեկտեմբերի 7-ը՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օր․ 1988-ից 34 տարի է անցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

1988 թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում հիմնովին ավերվեց Սպիտակը։ Սպիտակի և հարակից գյուղերի հետ մեկտեղ երկրաշարժն ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Գյումրիի բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Երկրաշարժից մեծապես տուժեցին նաև Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Երկրաշարժի ժամանակ զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 հազարը։

1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա տարեկան միջին հաշվով լինում են 15-20 հատ:

Ցավոք, այսօր՝ երկրաշարժից ավելի քան 3 տասնյակ տարի անց, դեռ կան բնության արհավիրքից տուժած և անօթևան դարձած մարդիկ, որոնք ապրում են Գյումրիի տնակներում։

2019 թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

--00—ԼՄ