Աշխատաժողով՝ Դիլիջանում․ մասնակցել է 150 դատավոր, առաջարկվել են օրենսդրական տասնյակ լուծումներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

318422481_449285940725641_4364563836150035435_n

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-4-ը Դիլիջանում տեղի ունեցավ դատավորների երկրորդ մեծ աշխատաժողովը, որին այս անգամ մասնակցում էր սնանկության, վարչական, քաղաքացիական մասնագիտացմամբ դատարանների 150 դատավոր՝ բոլոր երեք ատյաններից, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ։

Աշխատաժողովի մասնակիցները քննարկեցին և առաջարկեցին օրենսդրական տասնյակ լուծումներ, որոնք կօգնեն առավել արդյունավետ դարձնել դատական գործընթացները, ինչն էլ իր հերթին կարագացնի դատավարության ընթացքը և կբեռնաթափի դատավորներին: Դատավորներն անդրադարձան նաև իրենց աշխատանքի արդարացի գնահատման համակարգի ներդրմանը, ինչպես նաև դրա հիման վրա արդարացի առաջխաղացմանն ու վարձատրությանն առնչվող հարցերին:

Աշխատաժողովի մեծամասնությունը համաձայնեց Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի առանձին գործընկերների առաջարկին, այն է՝ յուրաքանչյուր տարի կազմակերպել դատավորների աշխատանքի գնահատում, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:

Քննարկումների արդյունքում առաջարկվեցին նաև Առաջին ատյանի դատարանում գրավոր ընթացակարգերի ներդրման հնարավորության, վճարման կարգադրությունների և պարզեցված վարույթների բեռնաթափման վերաբերյալ օրենսդրական լուծումներ, ինչպես նաև դատական իշխանության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու մասին մի շարք այլ կարգավորումներ:

Աշխատաժողովին ներկա՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ միջազգային գործընկերները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքերով նպաստել օրենսդրական հրատապ լուծումներով դատարանները ու դատական գործընթացները բեռնաթափելու առաջարկների կյանքի կոչմանը, ինչն էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և կխթանի օրենքի և իրավունքի գերակայության վրա հիմնված դատական իշխանության զարգացմանն ու ամրապնդմանը:

--00—ՅՄ