Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, գիտնական Համազասպ Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

6

Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում նվիրյալ գիտնականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլոր շիրակցիներին:
Համազասպ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 5֊ին, Սուրբ Նշան եկեղեցում. ժամը 17:00։
Հուղարկավորությունը դեկտեմբերի 6֊ին ժամը 13:30։

Համազասպ հակոբի Խաչատրյանը ծնվել է 1952 թ., հուլիսի 15-ին, Լենինականում:

1959-1969 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի թիվ 19 միջնակարգ դպրոցը
1971-1972 թվականներին սովորել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

1972-1976 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժինը:

1976-1977թվականներին աշխատել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

1977-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:

1978-1979 վականներին աշխատել է Լենինականի թեթև արդյունաբերական տեխնիկումում որպես ուսուցիչ:
1980-1986 թվականներին աշխատել է ՆԳ Լենինականի վարչության անչափահասության գործերի տեսչությունում, որպես տեսուչ:
1987-2017թվականներին Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն:

1988 թվականին մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության համամիութենական ինստիտուտում:

1997 թվականից մինչև այսօր համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում սկզբում որպես գիտքարտուղար, ապա գիտաշխատող:

2017-2019 թվականներին աշատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող:

2020 թվականից մինչև այսօր աշխատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ:

1989 թվականից մինչև այսօր կազմակերպել և ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի հնագտական արշավախումը, որի արդյունքում մարզում հայտնաբերվել են 30-ից ավելի հնագիտական հուշարձաններ, որոնց մի մասում արշավախմբի կողմից իրականացվել են հնագիտական պեղումներ:

1994 թվականին նախաձեռնել և իրականացրել է Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական 1-ին և 2-րդ գիտաժողովները: Նախաձեռնել և գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանը:

1996 թվականին նախաձեռնել է « Հին Հայաստանի գանձերը, ակունքներից մինչև քրիստոնեություն» խոշոր ցուցահանդեսը, որը կայացել է Ֆրանսիայի Նանտ, իսկ 1977 թվականին՝ Լիոն քաղաքներում:

1998-2002 թվականներին մասնակցել է հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի աշխատանքներին Բենիամինում, Լուսակերտում և Արզնիում:

2004-2012 թվականներին եղել է Հայկաձորի հնագիտական արշավախմբի ղեկավար:

2009-2012 թվականներին եղել է Շիրակի երկրագիտական թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի Էքսան Պրովանսի համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար:

2010 թվականից մինչև այսօր Շիրակի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի դաշնային հանրապետության Հարավային Սաքսոնիայի հուշարձանների պահպանության և հնագիտական ծառայության, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար:

2007-2014 թվականներին ֆրանսիացի հատնի հայագետ Ժան Պիեռ Մահեի հետ ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի և Անիի ֆրանսիական հնագիտական համատեղ արշավախմբի աշխատանքները Շիրակում:

2004-2019 թվականների մասնակցել է Մեծ Սեպասարի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, իսկ 2020 թվականից մինչև այսօր ղեկավարում է այն:

1987-2017թթ. թանգարանի ղեկավարման տարիներին հիմնական ֆոնդի ցուցանմուշների թվաքանակը 8157-ից հասել է 23115-ի:

Հեղինակ է շուրջ 70 գիտական հոդվածների, որոնց մի մասը հրատարակվել է արտասահմանյան հայտնի գիտական ամսագրերում: Ունի հրատարակած մեկ մենագրություն:

Համազասպ Խաչատրյանի գիտական վաստակը նշանակալի ներդրում է ունեցել հայոց հնագույն մշակութային ժառանգության ուսումնասիրության գործում: Դրասխանակերտի, Հայկաձորի, Մեծ Սեպասարի և շիրակյան այլ հնագիտական հուշարձանների պեղումների արդյունքում հայտնաբերված ու մշակված մեծարժեք գտածոները իսկական գյուտեր էին, որոնք ակադեմիական լրջախոհ գիտնական Խաչատրյանի հետազոտությունների և հրապարակումների շնորհիվ իրենց արաժանի տեղն են զբաղեցնում հայոց բազմահազարամյա պատմության ու մշակութային ժառանգության անդաստանում: Համազասպ Խաչատրյանի ջանքերի շնորհիվ եվրոպական գիտական շրջանակներին հասանելի դարձան մեր ժողովրդի հարուստ մշակութային արժեքները և պատահական չէր, որ բազմաթիվ արտերկրյա նշանավոր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ և արշավախմբեր անմիջական մասնակցություն ունեցան Շիրակի հնագիտական ուսումնասիրության գործին:

--00—ԻԴ