Քարին տակը միշտ էլ փակ է եղել, այս անգամ ադրբեջանցիները կալոնայով փակել էին Շուշիի սահմանի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Քարին տակ գյուղը միշտ փակ է եղել, ուղղակի ադրբեջանցիներն այս անգամ համապետական ճանապարհի այն մասն էին փակել, որն անցում է Շուշիի և Քարին տակի սահմանով։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

Այսօր ժամը 12։59-ին Արցախի տեղեկատվական շտաբն իր տելեգրամյան ալիքով հաղորդագրություն էր տարածել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ճանապարհը բացվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջնորդությամբ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո։

Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ, թե քանի հոգի են եղել ճանապարհը փակած ադրբեջանցիները։ «Չգիտեմ՝ թե քանի հոգի են եղել, ինչ են եղել, ես գիտեմ, որ թուրքական կալոնա էր գնացել այնտեղ, կանգնել, փակել էին ճանապարհը»։

Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից ի վեր Արցախի Շուշիի շրջանից 4 համայնք, 6 գյուղ արցախյան վերահսկողության տակ է։

--00--ԱՀ