Ադրբեջանցիների կողմից մայրուղու փակելը Ալիև-Փաշինյան պայմանավորվածության բեմականացումն է. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

6316c776f11bcc397aa2e136d57497da_XL.jpg

Ադրբեջանցիները որևէ քաղաքացու չեն վնասել Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելիս։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը դժվարացավ նշել՝ ադրբեջանցիները զենքերո՞վ են, թե՞ ոչ․ «Որևէ մեկը որևէ մեկին չի վնասել, ուղղակի եկել են ու փակել ճանապարհը»։ Մայրուղին դեռ փակ է, բանակցություններ են ընթանում բացելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է մայրուղին փակելու պատճառին, ապա ըստ պատգամավորի՝ այն փակած ադրբեջանցիներն չեն պայման դնողը․ «Այդ պայմանն ավելի բարձր մակարդակի վրա է ընդունվել․ Ալիև-Փաշինյան պայմանավորվածության բեմականացումն է»։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ», - նշվում էր Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:

--00--ԶՀ