Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

173631.jpg

Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը։ Նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին, գրում է «Արցախպրեսը»։

Նա նկատեց, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ: «Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են  համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,-շեշտեց արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի: «Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ:

Բաբայանը վստահեցրեց, որ Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը:

--00--ԶՀ