Ալմաթիի հռչակագրին հղում տալը չի նշանակում`հնարավորություն չի լինի Արցախի կարգավիճակին անդրադառնալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

6

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի հետ կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը նշել էր, որ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Լավրովի այդ հայտարարությունը, քանի որ, ըստ Լավրովի խոսքերի,  ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չեն կարող թողնել ապագային, Աղաջանյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ կարիք չկա մեկնաբանելու Լավրովի հայտարարությունը: Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ և Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքը, մանրամասները և դետալները հրապարակվել են: Կարծում եմ, որ ոչ Սերգեյ Լավրովն է որևէ նոր բան ասել, ոչ ես կարող եմ ավելացնել։

Կարծում եմ՝ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրին հղում տալով՝ որևէ հնարավորություն չի կորսվել, դրա արդյունքում չի նշանակում, որ տևական ժամանակ անց հնարավորություն չի լինի կարգավիճակին անդրադառնալ։ Իրականում, հետագային թողնելու առաջարկը եղել է Ռուսաստանի կողմից, դրան հայկական կողմը համաձայնել է։ Ենթադրվում է, որ դրա հնարավորությունների և անհնարինության գնահատումը, այո, պետք է Ռուսաստանի կողմից հնչի՝ պայմանավորված նրանով, թե հայկական կողմը որ փաստաթղթին է հղում կատարում, այլև պայմանավորված նրանով, թե Ռուսաստանը որպես միջնորդ ինչքանով է կարողանում այդ առաջարկներն իրողություն դարձնել, հաշվի առնելով, որ հայկական կողմը հայտարարել է, այդ թվում հրապարակավ, որ կողմ է այդ լուծմանը: Ենթադրվում է, որ Ադրբեջանը համաձայն չի, բայց արձանագրենք՝ Հայաստանը համաձայնել է, արձանագրենք, որ առաջարկը եղել է: Այդ հարցը ոչ մի կերպ կապված չէ Ալմաթիի փաստաթղթի հետ, միայն ու միայն կապված է նրա հետ, թե ստեղծված իրավիճակում ինչքանո՞վ մեր Ռուսաստանի գործընկերները կարող են այդ առաջարկն իրողություն դարձնել»,- ընդգծեց Աղաջանյանը:

--00—ԻԴ