Հունգարիայի կառավարությունը կարծես չի պատրաստվում պաշտոնապես ներողություն խնդրել Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

արտակ զաքարյան,.jpg

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ժողովրդական ասացվածք կա. պատիվը տվել են շանը, չի կերել:

Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հունգարիայի կառավարությունը կարծես չի պատրաստվում պաշտոնապես ներողություն խնդրել Հայաստանից` հայ սպայի դեմ 2004 թ. կատարված ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը 2012 թ․-ին ստանձնելու համար:

Այն Հունգարիայի, որը, անտեսելով իրավունքը, Հայաստանի մեջքի հետևում, անարգելով հայ ժողովրդի արժանապատվությունը` 2012 թ.-ին Բաքվին է արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այն Սաֆարովին, որը Բուդապեշտի ՆԱՏՕ-ական դպրոցում կացնահարել է քնած վիճակում գտնվող սպա Գուրգեն Մարգարյանին: Այն Սաֆարովին, որը Բաքվին վերադարձվելուց անմիջապես հետո, պաշտոնապես հերոսացվել է:

Երբ Սերժ Սարգսյանը 2012 թ. որոշում կայացրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին (այդ մասին տեղյակ պահելով ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին), հիմքում առաջին հերթին պետության հեղինակության, ազգային արժանապատվության, բանակի ու սպայի պատվի հարցերն էին: Դրա համար էլ Հայաստանին ու հայ ժողովրդին աշխարհում հարգում էին: Շատ երկրներ ու միջազգային կառույցներ քննադատեցին Հունգարիայի կառավարության ու Ադրբեջանի այդ համատեղ «գործարքը»:

Նիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի: Նա հայերին վերաբերում է միայն որպես կերակրման, հիմարացման ու զիզի-բիզի բաներով խաբելու ենթակա զանգվածի: Որովհետև մենք թույլ ենք տալիս որպեսզի նա շարունակի այդպես վարվել մեր, և մեր երկրի հետ:

Հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով պահված Հայրենիքը թշնամուն հանձնածի համար ի՞նչ արժեք կարող է ունենալ կացնահարված մեկ սպայի պատիվը: Եվրոպայի ԱԳ նախարարների աչքի առջև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ գրկախառնված հռհռացող ՀՀ արտգործնախարարին էլ ո՞վ բանի տեղ կդնի, երբ սա բարձրացնի օրինակ հայ ռազմագերիներին դիրքում դաժանաբար գնդակահարության կամ կին զինծառայողների դիերի խոշտանգման հարցերը:

Զինվորականնե´ր, ոստիկաննե´ր, անվտանգության ծառայության, դատախազության և արդարադատության սպանե´ր, ահա ևս մեկ ապացույց, որ սպայի պատիվն ու արժանապատվությունը սրանց համար զրո է, ոչնչություն, դատարկ մի բան: Հայրենիքի առջև ձեր ծառայությունը սրանց համար ոչ թե պետականություն ու պատիվ է, այլ ընդամենը ծախս: Իսկ դուք, երևի ամեն օր զգաստ դիրքով պատվի եք առնում կապիտուլյանտներին, ըստ իրենց ընկալման` փողի խաթեր:

Հ.Գ. 1

Ժողովրդական ասացվածք կա.

պատիվը տվել են շանը` չի կերել:

Հ.Գ.2

Իհարկե, չպետք է մոռանալ, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ (մենք շնորհակալ ազգ ենք) 2021 թ. հինգ հայ ռազմագրերիներ վերադարձվել են Հայաստան: Բայց դա հիմք չի տալիս մոռանալու հայ սպայի անարգված պատիվն ու արժանապատվությունը:

Հատկապես, որ ռազմագերիներին անմիջապես վերադարձնելու ստանձնած պարտավորության փոխարեն, Ադրբեջանը մեր գերեվարված տղաների վերադարձը դարձրել էր այլ պետությունների հետ միջազգային առևտուր անելու և Հայաստանի վրա որպես «լավություն» ծախելու գործարք: Դա Հայաստանի տխրահռչակ կառավարությանը միջազգայնորեն նսեմացնելու ևս մեկ առիթ էր»:

--00—ԼՄ