Իշխանությունը խռովել է Եկեղեցուց, խզվածք կա. իրենք ամենագետ են, երկխոսել չեն ուզում. Միքայել Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ժողովուրդն ուզում է` ուրիշները որոշեն իր ճակատագիրը, փրկիչ է փնտրում, որը խոսում է մեր հասարակության խոցելիության մասին, ազատ մարդը փրկիչ չի փնտրում, սա խոսում է ստրուկի և ծառայի հոգեբանության և ճակատագրապաշտության մասին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Սրբազանի համոզմամբ, հասարակությունը եկեղեցուն դիտում է իբրև անցյալի ատրիբուտ, որը ներկա է որպես անցյալ, բայց ոչ որպես ներկա ու ապագա: Նրանց գիտակցության մեջ եկեղեցին անցյալում է մեծ դերակատարություն ունեցել, բայց այսօր ասելիք չունի, իր անելիքը միայն կրոնական գործունեությունն է, ինչը սխալ է, առանց եկեղեցու առկայության հայ հասարակությունը տկար է:

«Բոլոր քաղաքական ուժերի կողմից պետք է կամք դրսևորվի եկեղեցուն իբրև վերքաղաքական կառույց դիտարկելու, բայց իշխանությունը պատրաստ չէ համագործակցության: Իշխանության ներկայացուցիչները ձախողում են երկխոսելու, միասնականություն ձևավորելու՝ եկեղեցու բոլոր փորձերը, ընդդիմությունն էլ հրեշակ չէ, բայց գոնե զրույցի գալիս է:

Իշխանության ու եկեղեցու միջև խզվածք կա, իշխանության սինդրոմն է, երևի․ հենց հասնում են իշխանության, կարծում են՝ անսխալական են, ամեն ինչ գիտեն: Եկեղեցու ամեն խոսք իշխանության կողմից սվիններով են դիմավորում, խռովկանի կեցվածք են ընդունում, ասում՝ ընդդիմության կարծիքն եք արտահայտում, մենք էլ մեր 600 հազար քվեով ձեզ հետ չենք շփվի, բայց չէ՞ որ քվե տվածները ևս հայ եկեղեցու զավակներ են:

Այս կերպ իշխանությունը ժողովրդի մոտ տպավորություն է ստեղծում, որ եկեղեցին սատարում է ընդդիմությանը: Քսան տարի շարունակ ամենախիստ խոսքերով քննադատել եմ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նրանք էլ են նեղացել, բայց խաչակրաց արշավանք չեն ձեռնարկել եկեղեցու դեմ ու հարգանքը չեն կորցրել»,- ավելացրեց արքեպիսկոպոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ