Թուրքիայում հնարավոր են նոր ահաբեկչական հարձակումներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Թուրքական իշխանությունները արևմտաեվրոպական երեք երկրների դեսպանատներին և մեկ խոշոր միջազգային կազմակերպության նախազգուշացրել են երկրում հնարավոր նոր ահաբեկչության մասին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Այս մասին հայտնել է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը: Հրապարակման մեջ նշվել է, որ 3 երկրների դեսպանատներն ու միջազգային կազմակերպության ներկայացուցիչները այս մասին տեղեկատվությունը հայտնել են անանուն մնալու պայմանով՝ հաշվի առնելով թեմայի զգայունությունը: Նշվում է, որ ահաբեկչությունը կարող է իրականացվել ի պատասխան Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի ու Իրաքի հյուսիսում իրականացված «Թուր-մագիլ» ռազմագործողության:

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են նաև Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ ցամաքային ռազմագործողություն իրականացնելոի իրենց պլանների մասին:

Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն էլ հայտարարել է, որ իր հայրենակիցները պետք է խուսափեն առաջիկա շաբաթներին Թուրքիա և հատկապես Անկարա մեկնելուց՝ հնարավոր հարձակումների պատճառով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 8 տասնյակ Թուրքիայի քաղաքացի: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Սիրիայից Թուրքիայի տարածք անցած կին ահաբեկիչը գործել է Սիրիայի քրդական կազմակերպությունների (Քրդստանի բանվորական կուսակցություն-PKK/ Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG) ցուցումով, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական:

--00--ԱՀ