Ինչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ֆդ

Ինչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը. Նման վերտառությամբ գրառում է արել ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։  

«Միակ նախաձեռնությունը, որը նիկոլի կառավարությունը հետևողականորեն տանում է առաջ, դա բյուջեի օրինականացված յուրացումը խորհրդանշող պարգևավճարների բարձրացումն ու դրանք` աշխատավարձերին հավասարեցված վճար դարձնելն է:

Քանի որ ժողովուրդն այլևս թքած ունի թե ով ի՞նչ է անում, նրանք էլ որոշել են օրենքով պարգևավճարը դարձնել աշխատավարձին «կցված» պարտադիր վճար: Որ այլևս ոչ մեկի մոտ հարց չառաջանա, թե ինչու՞ եք սրան կամ նրան, ոչ մի բան չանելու, կամ ավելի վատ` երկիրը կործանելու համար պարգևատրում ժողովրդի փողերով:

Ես միշտ ասել եմ, որ շատ աշխատողին, արդյունավետ ու նվիրված պետական ծառայողին ու բարձրաստիճան պաշտոնյաին վճարելու համար` պետությունը չպետք է խնայի և պետք է վճարի պատշաճ աշխատավարձ: Իսկ բոսյակներին ու դառմայեդներին պետք է ոչ թե աշխատավարձ տալ, այլ խզակոթներին տալ ու դուրս շպրտել պետական համակարգից:

Նիկոլի «կառավարությունը» բազմիցս ապացուցել է, որ քաղաքական իմաստով` բոսյակների և պետական կառավարման իմաստով` դառմայեդների «կառավարություն» է: (Որակումը հավաքական է. բարեբախտաբար դրանցից մեծ մասին անձնապես չեմ ճանաչում): Մենք հարյուրավոր անգամներ համոզվել ենք, որ սրանց գործը` քաղաքական կառավարման տեսանկյունից` Հայաստան պետություն կործանելն ու Արցախի հողերը դավադրաբար վաճառելն է: Իսկ պետական կառավարման տեսանկյունից` տեղեկատվական խաբեություններով ու իրավական մանիպուլյացիաներով ժողովրդի բյուջեն մեջ-մեջ անելն է:

Պարգևավճարների, անիմաստ հանրային միջոցառումների, անօգուտ շինարարությունների և անորակ ասֆալտապատումների վրա մսխվող ահռելի միջոցներ:

Բյուջեի ոլորտային ծախսերը մեծացնելու, իսկ փոխարենը` ոլորտի վիճակն ավելի վատացնելու հստակ օրինաչափություն:

Իրավական համակարգի և արդարադատության ԲԱՌԴԱԿ: Ոստիկանական պետությանը բնորոշ «բարեփոխում», պետական համակարգի պահպանության (իրականում` կապիտուլյանտի իշխանության պաշտպանության) համար պետական փողերի մսխում Երևանի կենտրոնում պարապ-սարապ ծռմռվող ոստիկանության պահպանման վրա:

Տնտեսական զրո ներդրում, բացառիկ կախվածություն արտաքին պատահականություններից` ավելացող գնաճով ու շրջափակման վտանգներով: Անվտանգության իմաստով` այստեղ համարեք, որ հայհոյանք է գրված:

Արտաքին անպտուղ քաղաքականությունը` «քաղաքական» թեթև ֆոն տված և դրսից պրոտոկոլով շղարշած միջազգային բոսյակություն:
Տարածքային և տեղական ինքնակառավարումը` տոտալ ՔՊ-ացում և հանրային միջոցներից օգտվելու նոր` երիտասարդ «մեխանիզմների» մշակում: Եվ այսպես շարունակ:

Հայրենիք հանձնած «իշխանության» պարգևավճարն ու աշխատավարձը երկրաչափական պրոգրեսիայով աճեցնող հասարակությունը` ոչ միայն ապագա, այլև ներկա ունենալ չի´ կարող:

Սա կոչվում է բյուջեի օրինականացվող յուրացում` քաղաքական անպատասխանատվության պայմաններում:

Հ.Գ.
Կարևորը` մի հատ լեյտենանտ գտնեն, ու երեք հարյուր քառասուն դոլարի դիմաց պետական դավաճան հայտարարեն: Այնինչ ամենամեծ դավադիրները ծաղկում ու իշխում են Հայաստանում»,-գրել է նա:

--00—ԻԴ