Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին։

Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության, իրականացվող ստուգումներն առավել համակարգված, արդիական և օգտավետ դարձնելու վերաբերող հարցեր:
Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։

Աշխատակազմի ղեկավարի խոսքով այսօր շատ գործողություններ ձեռքով են իրականացվում և կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման և կիրառման լուրջ պահանջ․ դրանք և՛ կհեշտացնեն տեսչական մարմնի աշխատանքը, և՛ կբարձրացնեն դրա արդյունավետությունը։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև առկա օրենսդրական խնդիրներին, որոնք տարիներ շարունակ միայն արձանագրվել են՝ չստանալով համապատասխան լուծումներ։ Այդ ամենն աշխատակազմի ղեկավարի խոսքով ազդել է թե՛ տեսչական մարմինների գործունեության արդյունավետության վրա, և թե՛ հետագայում վարչարարության կիրառման առումով բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։
Աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև կառավարման խորհուրդներում ընդունվող որոշումների իրականացման նկատմամբ հետևողականության դրսևորումը։

Շարունակելով աշխատակազմի ղեկավարի խոսքը, Շրջակա միջավայրի նախարարը խնդրել է գործընկերներին առավել ակտիվացնել կառավարման խորհրդի աշխատանքները, եթե կարիք կա գումարել նաև արտահերթ նիստեր, քանզի դա ոլորտում առկա խնդիրների քննարկման և միջոլորտային փոխհամաձայնեցման գալու լավագույն հարթակն է։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ոլորտային օրենսդրական բարեփոխումներին, որոնք ենթադրում են նաև վերահսկողական գործառույթի ուժեղացում, ինչն էլ իր հերթին ավելացնելու է տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունը՝ առաջարկելով այս ուղղությամբ ևս գործնական քայլեր ձեռնարկել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը կառավարման խորհրդի կազմին է ներկայացրել օրակարգում ընդգրկված Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցերը։

Նիստի ընթացքում քննարկման է ներկայացվել նաև օրակարգում չընդգրկված ևս մեկ հարց՝ Որակի ապահովման վարչության 2023 թվականի տարեկան գործունեության ծրագրի վերաբերյալ։

Դրանք արժանացել են կառավարման խորհրդի հավանությանը։

--00--ԱՀ