Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալի հորաքույրը հարցաքննվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

314923152_463458359104313

Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում 31-ամյա բնակչուհու, նրա 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու սպանությունների վարույթի շրջանակներում հարցաքննվել է Վրույր Բարսեղյանի հորաքույրը։ Այս մասին 24News.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Վրույր Բարսեղյանը նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սպանության երկու մեղադրյալներից մեկն է։ Ըստ Աբրահամյանի՝ մեղադրյալի հորաքույրը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Անդրադառնալով նոր կասկածյալներ ի հայտ գալու և Բարսեղյանի հորաքրոջ հնարավոր մեղսակցության մասին հարցին՝ ՔԿ մամուլի քարտուղարն ասաց, որ անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնող մարմինը տեղեկություն կհրապարակի։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վրույր Բարսեղյանի հորաքույրը ևս մասնակցություն է ունեցել այս սպանությանը` թաքցնելով հանցագործության հետքերը։

Վրույր Բարսեղյանի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ելնելով նախաքննական գաղտնիքից՝ որևէ բան չի կարող ասել այս թեմայով։ Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։ Նոյեմբերի 9-ին սեփական բնակարանում բնակիչները գտել էին 31-ամյա կնոջ ու նրա անչափահաս դստեր ու որդու մարմինները:

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա մի բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, իսկ հաջորդ օրը ձերբակալվել էր մյուս նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։ Օրենքով սահմանված կարգով միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել էր:

--00—ԶՀ