UWC Դիլիջանի նոր տնօրենի անունը հայտնի է․ նա պաշտոնը կստանձնի 2023-ի օգոստոսից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

2

UWC Դիլիջանի քոլեջի կառավարման խորհուրդը հայտնում է, որ պարոն Ադամ Արմանսկին նշանակվել է UWC Դիլիջանի տնօրեն և Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա հիմնադրամի տնօրեն: Նա պաշտոնը կստանձնի 2023 թ. օգոստոսի 1-ից:

Ազգությամբ լեհ պարոն Արմանսկին փոխարինելու է պարոն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսին, ով ավարտում է իր հնգամյա արդյունավետ պաշտոնավարումը UWC Դիլիջանում: Նրա պաշտոնավարումը համընկավ համավարակի և տարածաշրջանում բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերներով լի ժամանակաշրջանին: 

«UWC Դիլիջանի համար Գաբրիելի առաջնորդության տարիները նպաստավոր էին: Դպրոցը ճանաչում է ձեռք բերել որպես բարձր մակարդակի ուսումնական հաստատություն՝ չնայած վերջին տարիների գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին»,- նշեց UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

«Չնայած մարտահրավերները դեռ առկա են, որպես համախմբված համայնք՝ մենք սովորել ենք խուսանավել դրանցից և ապացուցել ենք, որ դիմակայուն ենք: Իր գործունեության ութերորդ տարում UWC Դիլիջանը պատրաստ է թևակոխել զարգացման նոր փուլ՝ բյուրեղացնելով դպրոցի ուժեղ կողմերը որպես ուսանողների, անձնակազմի, շրջանավարտների, ծնողների, բարերարների և կառավարման խորհրդի անդամների միջև իրական գործընկերության էթիկայի հիմք: Ադամի պաշտոնավարման սկիզբը համընկնելու է UWC Դիլիջանի համար նշանակալից տասնամյա գործունեության ամփոփման և նոր շրջափուլի մեկնարկին, և վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ փորձ մեզ դեպի երկրորդ տասնամյակ առաջնորդելու համար»,- նշեց տիկին Զոնաբենդը:

Ադամը Նորվեգիայի Գյովիկրեգիոնեն միջազգային դպրոցի հիմնադիր տնօրենն է, որտեղ պաշտոնավարել է ութ տարի բացումից ի վեր: Մինչ այդ դասավանդել է մի շարք դպրոցներում՝ Չինաստանում, Ղազախստանում, Լեհաստանում, Շվեյցարիայում և Թուրքիայում: Ունի միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագրի համակարգողի շուրջ քսանամյա փորձ և ակտիվ ներգրավված է եղել Միջազգային բակալավրիատի կազմակերպության աշխատանքներում: Ունի դասավանդման փորձ միջազգային բակալավրիատի դպրոցներում, այդ թվում Գյովիկրեգիոնեն միջազգային դպրոցում:

Ադամն ունի անգլերենի դասավանդման բակալավրի աստիճան և ամերիկյան գրականության մագիստրոսի աստիճան: Ուսուցչի որակավորումներին զուգահեռ ուսումնասիրել է արվեստի պատմություն: Տիրապետում է չորս լեզվի՝ լեհերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն:

Ադամը Դիլիջան կտեղափոխվի կնոջ՝ Ագաթայի և 15-ամյա որդու՝ Մաչեյի հետ:

«Ոգևորված եմ UWC Դիլիջանի ղեկավարումը ստանձնելու հնարավորությամբ: Դպրոցի կառավարման խորհրդի և անձնակազմի նվիրված անդամների հետ միասին շարունակելու ենք ամրապնդել դպրոցի դերը որպես կրթության զարգացման կենտրոն՝ թե Հայաստանում և թե Հայաստանից դուրս: Ես ու ընտանիքս անհամբեր ենք, որպեսզի մոտիկից ճանաչենք և ավելին իմանանք երկրի և իր բարեհամբույր ու հյուրընկալ ժողովրդի մասին», - նշեց պարոն Արմանսկին:

--00—ԼՄ