Վանաձորում պարեկների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

fr

Նոյեմբերի 26-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել էր, որ Լոռու մարզից ահազանգ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացող պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել մի խումբ քաղաքացիներ, երկուսը կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, պարեկները նաև արցունքաբեր գազ են կիրառել։ Դեպքի մանրամասները ներկայացրած քաղաքացին պատգամավորին հայտնել էր նաև, որ   ոչնչացվել են նաև միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը։

Նոյեմբերի 28-ին արդեն ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել նշված դեպքի վերաբերյալ, որում իրադարձությունների զարգացումը հետևյալ կերպ է ներկայացվում․

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:      

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ ու կայանել մոտակա բենզալցակայանում:

Այնուհետև ոստիկանության աշխատակիցներից մեկը վարչական իրավախախտումն արձանագրելու համար մոտեցել է հիշյալ ավտոմեքենայի վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին  մոտեցել  և խոչընդոտել է ոստիկանության աշխատակցի օրինական գործողություններին:

Այդ ընթացքում մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակցներից մեկին:

Նույն օրը՝ ժամը 15.20-ի սահմաններում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս, որից հետո մի շարք քաղաքացիներ կրկին դուրս են եկել և վիճաբանել վերջիններիս հետ, իսկ նրանցից մեկը մետաղյա ձողով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, որը կանխվել է այլ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքացիներից մեկը  հեղուկ է ցողել ոստիկանների ուղղությամբ:

Միջադեպի մասնակից 2 քաղաքացի տարբեր ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

 Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք՝ ինչպես քաղաքացիներ, այնպես էլ պարեկային ծառայության աշխատակիցներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Պահանջվել են տեսագրություններ, հետաքննության մարմնին տրվել է կոնկրետ հանձնարարություն:

Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների կողմից ներկայացվել է հաղորդում իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել  է ևս մեկ քրեական վարույթը:

Նախաքննությունը  շարունակվում է։ Ձեռնարկվում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քննչական և վարութային գործողությունները»,- նշված է ՀՀ ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրությունում:

 

--00—ԻԴ