Լոռիում 30 պարեկ ծեծել են քաղաքացուն և նրա անչափահաս տղային, կոտրել են կողոսկրերը, թոքը ջուր է լցված

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

BeFunky-collage

Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ահազանգ է ստացել Լոռու մարզում Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից մի քանի բնակիչների դաժան ծեծի ենթարկվելու վերաբերյալ:

Ըստ քաղաքացու հայտնած տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար, այդ ժամանակ վեճ է բռնվել տարեց քաղաքացու հետ: 24News-ը տեղեկության մանրամասներին ծանոթանալու համար կապ հաստատեց տուժված քաղաքացու ազգականի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորում երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում: Մեր զրուցակցի խոսքով, ավտոների շարասյուն է անցել, տաքսու տարեց վարորդն այդ պահին ավտոմեքենայով անցնելիս է եղել, Պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը, մոտենալով վարորդին, ասել է, որ աջակողմյան հատվածում կանգնի, մինչև շարասյունը կանցնի:

Վարորդը հետևել է պարեկի հորդորին ու անկյունում կանգնել, բայց պարեկային ծառայության աշխատակիցներից մեկ ուրիշը, անտեղյակ լինելով, որ հենց պարեկների պահանջով է նշված տաքսու վարորդը այդտեղ կայանել մեքենան, կոպտորեն վարորդին է դիմել՝  «դու ո՞վ ես, որ այստեղ կանգնես, քեզ ո՞վ է թույլ տվել:»

Տարածքում գտնվող քաղաքացիները պարեկներին խնդրել են՝ «տարեց մարդ է, պետք չէ այդպես խոսել», այնուհետև մոտեցել է տաքսու վարորդի որդին (այդ հատվածում է գտնվում տաքսու վարորդի և նրա տղայի ավտոմասերի  վաճառակետը), ինչից հետո պարեկների և հիշատակվող անձանց միջև «լեզվակռիվ» է սկսվել, հրմշտել են իրար, բայց քաղաքացիների միջամտությունից հետո միջադեպը հարթվվել է:

Նշված դեպքից ժամեր անց պարեկները 7-8 ավտոյով եկել են վաճառակետի տարածք և ծեծի ենթարկել տաքսու վարորդի որդուն և թոռանը.

«7-8 ավտոյով, 30 հոգով եկել են, սկսել են ծեծել վարորդի որդուն, վերջինիս երիտասարդ տղան, տեսնելով, որ հորը ծեծում են, միջամտում է, ինչից հետո նույն պահին պարեկները ծեծի են ենթարկել երեխային, ուժեղ հարվածներ են հասցրել, կոտրել են կողոսկրերը, թոքը ջուր է լցված, ամբողջ դեմքը կապտուկների մեջ է:

Երեխան անչափահաս է՝ 16 տարեկան, վատառողջ երեխա է, հայրը ևս շատ վատ վիճակում է, երկուսն էլ տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ 16-ամյա տուժված քաղաքացին Ռաֆայել Ավետիսյանն է, իսկ հայրը՝ Վաղինակ Ավետիսյանը:

Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ