Չնայած կողմերի հակառակ դիրքորոշումներին` մենք հակված ենք հարցը Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Ց

Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին՝ մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն, «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարը։

Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին, մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն: Մեր այս դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար:Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին։
Հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները:

Ադրբեջանը ցայսօր, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում։
Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ:

Մենք կանգնած ենք անցյալից դասեր առնելու, ընդօրինակելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև: Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է: Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը:

Աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերիներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը;

Հավատացած եմ՝ այսօրվա գիտաժողովը հետաքրքիր քննարկումների ու եզրահանգումների հարթակ կհանդիսանա, ինչը հնարավորություն կընձեռնի քննելու  մեր ձեռքբերումներն ու թերացումները,ներկայիս մարտահրավերները  գիտա-գործնական հարթության վրա ուսումնասիրելու եւ համապատասխան գնահատականներ ու առաջարկներ հավաքագրելու:

Մեր պայքարը շարունակական է, դիրքորոշումը՝ անփոփոխ», - ընդգծել է Արցախի ԱԺ նախագահը:

 --00—ԱՊ