Խաղաղություն պետք է պարտադրված հաղթանակով լինի. չպարտված մարդ պետք է ունենանք, որ կարողանա բան փոխել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

e00d07e.jpeg

«Փաստը» գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ակտիվությունը դեռ ոչինչ չի նշանակում, բացի նրանից, թե կողմերի իրական ցանկությունները որ կետում են, կամ ինչ են իրենք նշում կարմիր գծերի մասով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով խաղաղության փաստաթղթի ստորագրման շուրջ այս փուլում առկա իրողություններին:

«Ալիևն ասում է՝ մեզ պետք է միջանցք տալ, Հայաստանի իշխանություններն ասում են՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր: Նախ՝ հիմա ո՞վ է լինելու այն ուժը, որը գալու է ու ադրբեջանական զորքերին դուրս հանի և նոր 29 հազար 800 ձևավորի, որ ինչ-որ բան ստորագրեն, երկրորդ՝ հայկական կողմը տալո՞ւ է միջանցքը: Եթե այս ամենը չկա, ի՞նչ տարբերություն, օրը 25 անգամ, թե մեկ անգամ են հանդիպում: Այսօր ինտենսիվության խնդիրն աշխարհում առկա որոշ փոփոխությունների շրջանակներից է գալիս: Ու թեպետ թվում է, թե գործընթացներն ինտենսիվ են, բայց նույն Ալիևը հենց երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին պետք է հանդիպում լիներ, որը, իր պատկերացմամբ, չի կայանալու, որովհետև հայկական կողմն ասել է, որ Ֆրանսիայի նախագահն էլ պետք է մասնակցի: Այսօրվա դրությամբ կողմերն ամեն անգամ ասում են՝ մի հոգի էլ պետք մասնակցի՝ միջնորդի, լսողի կամ վկայի կարգավիճակով: Այս անվստահության պայմաններում ի՞նչ ստորագրման մասին է խոսքը: Սա՝ գործընթացի մասին»,ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իրական ցանկություններին ու վարքագծին, հիշեցնելով Փաշինյանի այն հայտարարությունները, թե երբ հայկական կողմը մի բանի համաձայնել է, Ադրբեջանը մերժել է, Թևան Պողոսյանը շեշտեց, որ այսօր ո՛չ Փաշինյանն է փոխվել, ո՛չ Ալիևը. «Հիմա էլ եթե Փաշինյանն ասի՝ լավ, համաձայն եմ, Ալիևը նույն վայրկյանին նոր պայման է դնելու, որովհետև իր երազանքը նկարագրել է. ասում է՝ «ամբողջովին Զանգեզուրն էլ, Սևանն էլ եմ վերցնելու, Երևան էլ եմ գալու»:

Այդ դեպքում ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել, որը մեկ համաձայնագիր էր, հետո դարձավ շրջանակային համաձայնագիր, հետո էլ ասացին՝ ռուսական մոտեցումներին են համաձայնություն տվել, թեպետ մինչ այդ մեղադրում էին Ռուսաստանին»: Կրկին ընդգծելով, որ Ալիևը չի փոխվել, նա հավելեց. «Գուցե վաղը մի տարբերակ լինի, որը հայկական կողմը շատ կցանկանա ստորագրել, բայց եթե Ալիևին պետք չլինի, չի ստորագրի: Նա որևէ պատճառ կգտնի ու կձգձգի գործընթացները: Ինքն արդեն այսօր է հայտարարում, որ Հայաստանն ուզի, թե ոչ, միջանցք է տալու, հայկական կողմն էլ ասել է՝ միջանցք չի տալու: Եթե այդ կետը հիմա որոշված չէ, ո՞վ է այն ուժը, որն Ադրբեջանին ծեծելով՝ ստիպելու է համաձայնել, որովհետև եթե Ադրբեջանին այսօր չծեծես, ոչնչի էլ չի համաձայնելու: Ես աշխարհում նման միայն մեկ ուժ գիտեմ. դա հայկական բանակն է և հայ ազգի՝ նշվածն իրականացնելու միասնական ցանկությունն ու երազանքը: Եթե նշվածն իրականացնելու պոտենցիալը չկա, դա այսօր չի կատարվելու: Չկա որևէ այլ ուժ, որը մեր փոխարեն գալու է ու այդ խնդիրը լուծի:

Եթե անգամ վաղը Ալիևը ձևական գնա ու ինչ-որ բանի տակ ստորագրի, 5 րոպե էլ չի պահելու իր ստորագրությունը, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, 1994-ի, Սոչիի հայտարարությունների ու փաստաթղթերի դեպքում է: Ի դեպ, նման նաև երկրորդ թշնամին ունենք՝ Թուրքիան. 2008-ին ստորագրված արձանագրությունները ևս կյանքի չկոչվեցին: Թուրքիայի և Ադրբեջանի այդ վարքագիծն իմանալով՝ ինչպե՞ս կարելի է մտածել, որ այսօրվա աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում ինչոր բան ստորագրելով՝ հույս ենք ունենալու:Միակ բանը, որի վրա հույսներս պետք է դնենք, մեր բանակի հզորացումն է, ազգային միասնությունը վերականգնելն է»:

Թևան Պողոսյանը նշեց, որ վերոնշյալին հասնելու համար պետք է ժամանակ շահել. «Իսկ ժամանակ շահելու լավագույն ցուցիչը կլինի բանակցող փոխելը, բայց գիտակցված, ինքնակամ գործողություններ պետք է անել, ինչը հայկական նոր մոտեցման ձևավորումը կլինի: Գիտակցված ու ինքնակամ պետք է գործել, որ կարողանանք մեր մեջ ձևավորված սև գծերը, պառակտվածությունները հաղթահարել»: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրականում մենք մեր կարմիր գծերը դեռ վաղուց ենք ձևակերպել:

«Երեկ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, որը տվել է այդ ձևակերպումներից մեկը: Նա ասել է. «Կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության պատմության վերջին էջը»: Մենք Արցախը կորցնելու իրավունք չունենք: Սա կարմիր գիծ է, որի մասին մենք գիտենք, բայց աշխարհին էլ պետք է ասել: Իշխանությունների մոտ չի ստացվի, քանի որ բանավոր շատ այլ բաներ են ասել: Հիմա եթե անգամ շուռ գան ու ասեն՝ չէ, գիտեք, Արցախը կարևոր է, բոլորն ասելու են՝ լռեք: Նաև սա է պատճառը, որ պետք է գիտակցված ու ինքնակամ ասեն, որ հեռանում են, և պետք է գտնել մեկին, որը կարողանալու է նոր մոտեցումների ձևակերպում բերել, չի ունենալու հին պարտավորությունները: Մինչդեռ պարտված իշխանությունը կարող է նոր պարտություններ բերել. մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել: Չեք ուզում մի «X-յանը» լինի, ուրիշ «Y-յանի» գիտեք, արեք դա: Դա ամենակարևորն է: Այո, բոլորս գիտենք կարմիր գծերը, բայց մի կարևոր բան կա. առանց մեր հաղթանակի խաղաղություն չի լինելու: Եթե պետք է խաղաղություն լինի, այն պետք է լինի պարտադրված հաղթանակով, ինչը բխում է մեր թշնամու վարքագծից: Դարերի պատմությունն է ցույց տալիս, որ երբ ջարդել ենք, կարողացել ենք խաղաղ ապրել»,-նշեց Թ. Պողոսյանը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել նաև, որ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի առաջարկներն առաջին հերթին իրենց շահերից են բխում: «Եթե մենք որոշել ենք ինչ-որ կողմ բռնել, դա հայկական կողմը պետք է լինի: Եթե Արևմուտքը որևէ բան է ասում, առաջին հերթին դա բխում է իր շահերից, ինչը ավելի լայն համատեքստում նշանակում է առճակատում ՌԴ-ի հետ: Երբ Ռուսաստանն է առաջարկ անում, նշանակում է՝ առաջին հերթին բխում է ՌԴ-ի շահերից, լայն իմաստով այն ևս նշանակում է առճակատում Արևմուտքի հետ: Իսկ ո՞ւր մնացին հայկական շահերը: Ե՞րբ ենք սովորելու, որ մենք միայն ու միայն հայկական շահերը սպասարկելու իրավունք ունենք»,-հավելեց Թ. Պողոսյանը:

Ադրբեջանի ամենօրյա բնույթ կրող սադրանքների ու այդ երկրից հնչող հայտարարությունների մեջ մեր զրուցակիցը մեկ պատճառ է տեսնում: «Ադրբեջանը մեզ որպես թշնամի է ընդունում, որին ուզում է վերացնել: Ադրբեջանն իր ռազմավարությունը, մարտավարությունն ու նպատակները չի փոխել: Ադրբեջանի երազանքը հայկական պետականությունը վերացնելն է, որի հետևից և գնում է: Թշնամու ցանկացած գործողություն բխում է իր շահերից, և վարքագիծը չի փոխվելու: Այլ հարց է, որ եթե որոշել ես ապրել, պետք է մտածել, թե այդ ուղղությամբ ինչ ես անելու: Ադրբեջանն ասում է ինքն էլ է խաղաղություն ցանկանում, միգուցե ազնիվ է, բայց ես վստահ եմ, որ իրենց պատկերացրած այդ խաղաղության մեջ Հայաստան չի լինելու: Իրենց պատկերացրած խաղաղության դեպքում իրենք բոլոր հայերին վերացնելուց հետո են խաղաղ ապրելու, և ձգտում են իրենց հենց այդ «խաղաղությանը»: Սա է իրենց «խաղաղության» բովանդակությունը: Հայաստանն էլ է խաղաղություն ուզում, բայց բովանդակությունը եթե նկարագրենք, պարզվելու է՝ ուզում է ապրել հարևանների հետ, մինչդեռ այդ ապրելը գին ունի՝ ինքդ քեզ պաշտպանելու ունակ լինելն է, թույլ չտալը, որ թշնամին քեզ վերացնի»,ընդգծեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին, պետնախարարի փոփոխությանը, այդ հարցում ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, Թ. Պողոսյանը նշեց. «Ալիևն ասում է, թե «Արցախ այլևս գոյություն չունի»: Մեծ հաշվով՝ իր ցանկացած խոսք միտված է լինելու «Արցախի չգոյությունը» ներկայացնելուն: Օրինակ՝ մի դեպքում փորձելու է լավը երևալ եվրոպացիների համար՝ ասելով՝ «ուզում էի լավ բան անել, հայերը Ռուսաստանին ներս են բերում», ձեռքի հետ էլ փորձելու է պառակտել հայ հասարակությանը: Իր խոսքերը հաշվարկված են, միտված մեզ թուլացնելուն: Բոլորն են ոգևորված, որ կա մեկ հայ, որը պատրաստ է այսօր տեղափոխվել Արցախ ու աշխատել: Կարող է վաղը նման հարյուր մարդ լինի, մյուս օրը՝ հազար: Եվ սա հաշվի առնելով՝ Ալիևը հայերի մեջ վախ տարածելու նպատակ ունի, փորձում է պիտակավորումներ կպցնել: Մի հատ էլ փորձեց տարանջատել՝ ասելով, թե «Արցախում մի հայ կա, որն ուրիշ տեղից է եկել, ուրիշի օրակարգով, բայց կան տեղացի հայեր, որոնց հետ պատրաստ եմ խոսել»:

Կասկած է ուզում մտցնել, պառակտել, բայց մենք պետք է շատ խելոք գտնվենք՝ հասկանալով Ալիևի նման խաղերի նպատակը: Պետք է կարողանանք այդ խաղերից զերծ մնալ, արհամարհել կամ հակախաղեր առաջարկել այնպես, որ ինքն իր լարած թակարդն ընկնի»: Շեշտելով, որ Ալիևի նպատակը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների վերացումն է, և իր հայտարարությունները մեկ ամբողջական շղթայի մեջ են, Թևան Պողոսյանը հավելեց. «Պետք է կարողանանք նոր մոտեցումներ բերել, ամեն օր Արցախում մեկ հայ պետք է ավելանա՝ լինի մշտական տեղափոխվելու, թե այցերի տեսքով: Հայկական ներկայությունն Արցախում ինչ-որ ձևով պետք է բարձրանա, պետք է ցույց տալ, որ չենք հրաժարվում ու պայքարելու ենք, որ միասնական ենք: Պետք է խելոք լինենք, որ թույլ չտանք մեզ խաղացնեն, այլ կարողանանք խաղի կանոններ փոխել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԶՀ