Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիմնական ելույթում նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք կամփոփենք ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունքները և կլսենք Բելառուսի առաջիկա նախագահության առաջնահերթությունները։

Մեր նախագահությունը տևեց գրեթե 14 ամիս։ Այս շրջանը համընկավ լուրջ ցնցումների հետ` ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային առումով:

Ցավոք, ամբողջ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ոչ միայն հակամարտությունների ռիսկի նվազում չկա, այլև արձանագրվում է լարվածության շարունակական աճ՝ էլ ավելի մեծ ու ընդգրկուն խնդիրների կուտակման ակնհայտ միտումներով։

Ինչպես գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետությունը բախվել է ադրբեջանական չարդարացված և չհրահրված ագրեսիայի, որը հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլև զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց շրջանում կորուստների և քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերմանը։

Ադրբեջանական հերթական ագրեսիան, և մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարևոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ Նման ձևակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարևոր է։

Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջև Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց այս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ։

2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին:

Այսպիսով, ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։

Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել։

Այս նրբությունները կարևոր են նաև այն պատճառով, քանի որ որոշիչ դեր են խաղում հետագա կոլեկտիվ գործողություններում։ Այս համատեքստում ցանկանում եմ պատասխանել այն մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին։

Վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Սա, իհարկե, կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին։

Հենց այդ պատճառով Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։

Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- նշել է ՀՀ վարչապետը։

--00—ԻԴ

Տեսանյութեր