Մինչև այսօր չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը:

Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Ողջունում եմ ձեզ Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ հագեցած ժամանակաշրջան էր։ Մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։

Ի հեճուկս հոբելյանների, մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին էլ հոբելյանական չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։

Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։

Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության:

Նշեմ նաև, որ Ստանիսլավ Վասիլիի Զասն ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։

Քանի որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը, կարծում եմ՝ արդարացված կլինի, եթե հարգարժան Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեզ ներկայացնի նրան։

Գործընկերներ,

Առաջարկում եմ անմիջապես անցնել օրակարգային բովանդակային հարցերին և քննարկել մեր նիստի ձևաչափը»:

--00—ԻԴ