Արցախի նախագահը մեկնաբանել է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

1097975.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշում կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հարությունյանը հարցին անդրադարձել է Արցախի խորհրդարանում:

Նա պարզաբանել է, որ այդ փոփոխությունն առաջարկել էր, որովհետև քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ մարդու՝ երկրի նախագահի ձեռքին, իսկ նոր իշխանություն ձևավորելու համար պետք էր գնալ արտահերթ ընտրությունների, որի միակ ճանապարհը սահմանադրական փոփոխությունն է:

«Մինչև այսօր համարում եմ, որ Սահմանադրության մի հոդվածով իմ առաջարկած փոփոխությունն ամենաճիշտ տարբերակն է, բայց նաև երկրի ներքին կայունությունն ավելի կարևոր եմ համարում, քան սահմանադրական փոփոխությունը: Այսօր այդ փոփոխության կարիքը, բարեբախտաբար, չկա, քանի որ այդ լիազորություններն ամբողջությամբ կենտրոնացված չեն նախագահի ձեռքում: Իհարկե, նախագահի կողմից է այդ լիազորություններով օժտվել պետնախարարը, բայց գոնե բոլոր այն մտահոգությունները, որ կար նախկինում, այսօր ֆունկցիաների բաժանման արդյունքում, կարծես, լուծվել են: Դրա համար սահմանադրական փոփոխության հարցում մենք շտապելու որևէ անհրաժեշտություն չունենք»,-ասել է նախագահ Հարությունյանը՝ նշելով, որ ի առաջարկությունների վերաբերյալ Ազգային ժողովը մտահոգություններ էր հայտնել:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից: նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:

--00—ԶՀ