Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը, Առուշ Առուշանյանը լքել են Վահե Հակոբյանի կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

2

«Վերածնվող Հայաստան» կուսակցության քվոտայով պատգամավոր ընտրված գործիչները կուսակցությունից հեռացել են ամիսներ առաջ։ Այս մասին 24News-ին հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՎՀ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։ Ավելի վաղ «Հրապարակ» թերթի հետ զրույցում պատգամավոր, ՎՀ-ի նախկին փոխնախագահ Աննա Գրիգորյանն ասել էր, որ հեռացել է կուսակցությունից։ «Ես՝ անձամբ, և Արթուր Սարգսյանը միասին դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Ավելին՝ նաեւ Առուշ Առուշանյանը։ Այսինքն՝ ամբողջ Սյունիքի թեւը դուրս է եկել կուսակցությունից»,- ասել էր Գրիգորյանը։

Կուսակցության համահիմնադիրներ Արթուր Սարգսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, իսկ Առուշ Առուշանյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից ու զբաղեցնում է Գորիսի համայնքապետի պաշտոնը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կուսակցությունից հեռացել է նաև մյուս համահիմնադիր, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

«Հայաստան»-ի պատգամավորը Վահե Հակոբյանը 24News-ին ասաց, որ խնդիրը եղել թիմային համագործակցության վերաբերյալ։ «Հայաստանի այս բարդ ու ծանր պայմաններում մեր կուսակցությունը, լինելով ըննդդիմության մաս, համոզված է, որ որոշումները պետք է կայացվեն թիմային։ Եվ երբ որ անհատները որոշում են, որ իրենք այնքան են կայացել և կարող են անձնական գործունեություն ծավալել, որևէ կերպ չենք խոչընդոտում։ Իրենց «Բարի ճանապարհ» ենք մաղթում իրենց բարդ և փշոտ ճանապարհին», - նշեց նա։

Հարցին՝ արդյոք սա չի՞ ազդի «Հայաստան» խմբակցության գործունեության վրա, Հակոբյանը պատասխանեց․ «Երկու տարբեր պրոցեսներ են։ Մեր վերադառնալը-չվերադառնալն Ազգային ժողով առանձին հարց է։ Իսկ երբ մեր կուսակցության քվոտայով ընտրված պատգամավորները որոշել են առանձին գործունեություն ծավավել, չնայած կուսակցության միջոցով են մուտք գործել մեծ քաղաքականություն, դա երկրորդ հարցն է»։ Կուսակցության նախագահը նաև ասաց, որ «Վերածնվող Հայաստան»-ում տեղի ունեցողը բացարձակ չի ազդի «Հայաստան» խմբակցության գործունեության վրա։

Նշենք նաև, որ Աննա Գրիգորյանն ԱԺ պատվիրակության կազմում առանձին չվերթով գործուղման է մեկնել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ։ Պատվիրակության կազմում են նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Անդրանիկ Քոչարյանը:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ