Ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ. ԱՀ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

ff406d71b75009c211327f5dae162dc3.jpg

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ: Պետնախարարն անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ  ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ:

Նա տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները  դադարեցնում են պաշտոնավարումը: Նրանցից չորսը շարունակելու են պաշտոնավարել որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հինգը՝ ազատվում են աշխատանքից, որոնց լիազորությունները ժամանակավորապես կատարելու են նախարարների տեղակալները:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել  բոլոր նախարարներին՝ իրենց գործունեության համար: Նա հատկապես գնահատելի  է համարել այն նախարարների աշխատանքը, ովքեր պաշտոններն ստանձնել են  անմիջապես պատերազմից հետո՝  փորձելով հաղթահարել հետպատերազմական փուլը և նշել է, որ նրանց փորձն ու գիտելիքներն  օգտակար կլինեն Արցախի զարգացման համար:

Հանդիպումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև քննարկում է ունեցել նախարարների  ժամանակավոր պաշտոնակատարների հետ՝ հորդորելով նրանց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իրենց աշխատանքներին և ողջ ծավալով իրականացնել պարտականությունները:

--00—ԶՀ