Եթե ՀՀ դեպքերին ՀԱՊԿ-ն արձագանքեր այնպես, ինչպես Ղազախստանի պարագայում, պատկերն այլ կլիներ․ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Վ

Պետք է զինվենք համբերությամբ և տեսնենք՝ ինչ ուղղությամբ են զարգանում իրադարձություններն առհասարակ, փաստահավաք խումբ է ՀԱՊԿ-ից ուղարկվել Հայաստան, ու թե ինչ փաստեր են հավաքվել, այդ ինֆորմացիան մեզ համար փակ է։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի՝ վաղվանից մեկնարկող գագաթնաժողովին։

Նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ընթացքում քննարկվելիք գլխավոր հարցերից կլինեն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումն ու Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցները: Այս մասին ասված էր կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի՝ նոյեմբերի 18-ին ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Պատգամավոր Վահե Հակոբյանն ասաց, որ մի քանի անգամ առիթ եղել է անդրադառնալու Հայաստանի մասով ՀԱՊԿ գործողություններին։ «Մասնավորապես՝ արդյոք բավարա՞ր են ՀԱՊԿ գործողությունները, պատասխանն է միանշանակ՝ ոչ։ Այդ «ոչ»-ը մինչև հիմա շարունակվում է։ ՀԱՊԿ երկրների ղեկավարների օնլայն ռեժիմով հանդիպումն առոչինչ էր, ոչ մի հստակեցում մենք այդպես էլ չտեսանք, ոչինչ չհասկացանք։ Հույս ունենանք, որ հօգուտ Հայաստանի ինչ-որ զարգացման ականատես կլինենք», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների թերացումներին, ապա Հակոբյանն ասաց․ «Հաշվի առնելով օպերատիվ արձագանքը, որ ՀԱՊԿ-ից զորախումբ ուղարկվեց Ղազախստան, իսկ հիմա՝ իներտ պահելը, իհարկե, թերացում կար»։ «Եթե արձագանքեին, ինչպես արձագանքեցին Ղազախստանի դեպքերի ժամանակ, այլ պատկեր կլիներ։ Եվ դրա մասին վկայում են նաև Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակի խոսքերը, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է դրսևորի իր մոտեցումները, և ինչ տիրույթում է գտնվում այս կամ այն կոնֆլիկտը», - եզրափակեց «Հայաստան»-ի պատգամավորը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ