Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտել են մեքենայի հայելիների հերթական գողությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

․

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու` իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ: Սրահում՝ տոպրակի մեջ, մեքենայի հայելիներ կային: Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, սակայն, հավատ չէր ներշնչում, քանի որ ոստիկաններն ունեին բոլորովին այլ օպերատիվ տեղեկություն: Հարկավոր էր գտնել մեկ այլ մեքենա, այլ գործող անձերով, և հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասցնելու համար Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները դիմեցին մայրաքաղաքի պարեկների օգնությանը:

Պարեկները ճշգրտությամբ կատարեցին իրենց բաժին գործը: Ժամը 5.30-ին Պարույր Սևակի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում նրանք նկատեցին կասկածելի մի մեքենա, կանգնեցրին «Օպելը», առանց շտապելու, հանգամանորեն ստուգեցին վարորդի փաստաթղթերը` մինչև տեղ կհասնեին Քանաքեռ-Զեյթունի գործընկերները:

Ձերբակալվեցին և, «Օպելով» հանդերձ, բաժին տեղափոխվեցին Նոյեմբերյան, Ստեփանակերտ ու Իջևան քաղաքների երեք բնակիչ` 24, 27 և 35 տարեկան տղամարդիկ: Փաստերի ճնշման տակ նրանք խոստովանեցին, որ գիշերվա ժամը չորսին գողացել են Ռուբինյանց փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայլիները. այն նույն հայելիները, որ հայտնաբերվել էին «Աուդիի» սրահում:

Պարզվեց, որ չորսն էլ գործել են մեկ խմբի կազմում, իսկ երկու մեքենա օգտագործել են հանցափաստով չբռնվելու համար: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է դանակ, որով, ըստ նրա հայտնածի, կտրել էր հայելիների մալուխները:

Չորսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Հաջողվել է պարզել նաև «Լեքսուսի» տիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00--ԱՀ