Պայմանագրային զինծառայողներն ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար կստանան․ նախագիծ՝ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

զինվոր

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողների համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պլանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: 

Նախագծերի համաձայն՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Պայմանագրային զինծառայության գրավչությունը, շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պլանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով»,-ասաց Պապիկյանը:

Հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայում զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր: Իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը:

«Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռք բերման օրվանից»,-ասաց նախարարը:

Զբաղեցրած պաշտոնում ատեստավորված և հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու կրկին ատեստավորման՝ յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Հավելավճարների չափերի և վճարման կարգը սահմանվելու են կառավարության որոշմամբ:

--00—ԼՄ