Ադրբեջանը դաշնակից է փնտրում հակաիրանական դաշտում, բայց Իսրայելի աջակցությամբ էլ չի դիմակայի Իրանին

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Լ

Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են բոլոր ոլորտներից ճնշում գործադրել Իրանի վրա։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը։

Նոյեմբերի 11-ին Փրայսը, անդրադառնալով հայտարարությանը, որով Իրանի Իսլամական Հանրապետությունն Ադրբեջանին մեղադրել էր իր տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ, ասել էր, որ ԻԻՀ-ն սպառնալիք է տարածաշրջանի համար։ «Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և՛ իր տարածաշրջանում, և՛ գուցե դրանից դուրս», - նշել էր Փրայսը։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանի խոսքերով, դատելով Ադրբեջանի նախագահի հոխորտանքներից՝ հավանաբար, մինչև այդ Ադրբեջանին վստահեցրել էին, որ որոշակի օժանդակություն կտրամադրվի ԱՄՆ-ի կողմից, դրա համար Իլհամ Ալիևը բավականին կոշտ հայտարարություններով էր հանդես գալիս Իրանի դեմ։

«Հավանաբար, ԱՄՆ-ն էլ ավելի է ավելացնելու լարվածությունն Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Կոպիտ ասած, ԱՄՆ-ն Ադրբեջանին էլ է օգտագործելու Իրանի վրա ճնշում գործադրելու համար։ Ադրբեջանն էլ նոր դաշնակիցներ փնտրելու գործընթացի մեջ է հենց հակաիրանական ոլորտում։

Ադրբեջանը նույնիսկ Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ այնպիսի պետություն չէ, որ կարողանա դիմակայել Իրանին։ Այսինքն՝ ԱՄՆ-ի օժանդակությունը նույնպես պետք է Ադրբեջանին, եթե ավելի լուրջ գործընթացներ նախապատրաստի Իրանի դեմ», - ընդգծեց իրանագետը։

Հարցին՝ հաշվի առնելով ամերիկյան կողմի հայտարարությունները՝ կարո՞ղ է ԱՄՆ-ն աչք փակել Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների վրա՝ Միսակյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ն մինչև այդ էլ աչք էր փակում․ «Կրակոցները շարունակվում են, երեկ էլ են կրակել Հայաստանի ուղղությամբ»։

Ըստ նրա՝ մինչ Նեդ Փրայսի հայտարարությունն էլ Ադրբեջանն ագրեսիվ էր իր քաղաքականության մեջ։ «Եվ կարծես թե երբեք էլ չէր հրաժարվում իր ագրեսիվ ուղղությունից։ Սա նաև կարող է ուղղված լինել հայ-իրանական համագործակցության դեմ, այսինքն՝ այն կարմիր գծերին [տարածաշրջանային պետությունների սահմանների փոփոխության անթույլատրելիություն, տարածաշրջանում օտար ուժերի ներկայության բացառում], որոնք նախանշել էր Իրանը։

Բայց նաև Ադրբեջանի կողմից որոշակի արկածախնդրություն կլինի, եթե փորձ անի հարձակում իրականացնել հայ-իրանական սահմանի կամ այլ ուղղություններով։ Որովհետև այս փուլում բավականին լարված է իրավիճակը, Իրանը նույնպես կարող է պատասխանել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը, գործողություններին, ապա դրանք վերջին տարիներին երբեք չեն թուլացել․ Ալիևն էլ չէր թաքցնում՝ նույնիսկ ԱՄՆ-ի աջակցությամբ կամ առանց դրա», - եզրափակեց Գարիկ Միսակյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ