19-ամյակին Հերացիից կանչեցին, ծնունդի օրը տղայիս ինձ նվեր տվեցին․ տղերքին մատաղ արեցին․ զոհվածի հայր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արթուր Սուքիասյանի հայրը՝ Գագիկ Սուքիասյանը, կարծում է, որ մեր տղաները դավաճանվել են պատերազմի ժամանակ։ Այս մասին նա պատմում է մեր թղթակցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

«Որդիս 9 ամսվա ծառայող էր Ջաբրայիլում։ Պատերազմի առաջին օրվանից մասնակցում էր գործողություններին, ականի պայթյունից վիրավորվել, բայց երեք օր հետո վերադարձել էր ընկերների մոտ՝ շարունակելու կռիվը։ Ասում էր՝ գնամ հասնեմ ընկերներիս, իրենք իմ կարիքն ունեն, ես էլ՝ իրենցը։ Ասի՝ տղա՛ ջան, մի՛ գնա, ես չեմ դիմանա, կտրուկ պատասխանեց, թե ստեղ բոլորն էլ ծնողներ ունեն։

Հոկտեմբերի 30-ին զոհվեց, մայիսի 2-ին՝ իր 19-ամյակի օրը, Հերացիից կանչեցին ու իմ տղային իր ծնունդի օրն ինձ նվեր տվեցին», - պատմում է զոհված հերոսի հայրը։ 

Արթուրը սովորում էր Երևանի պետական համալսարանում՝ միանգամից երկու ֆակուլտետում, շատ էր սիրում գրականությունը։

«Պատերազմը լավ բան չի, պատերազմը եթե եղավ, զոհեր անպայման կլինեն։ Բայց մենք մի թշնամի ունենք, որը թուրքն ա, բայց առավել դաժան է մեր ներքին թշնամին։

Մեր երեխեքին դավաճանել են, միանշանակ։ Պետական այրերը դավաճանեցին մեր երեխեքին», - նշում է Գագիկ Սուքիասյանը՝ հավելելով, որ տղան պատերազմի առաջին օրերին է անգամ ասել՝ էս հողերը վաճառել են։

«Մեր երեխեքին ուղղակի մատաղ արեցին, Արցախը դավաճանեցին, տվեցին, հիմա էլ Հայաստանն են տալիս մաս-մաս։ Ոչ ամոթի զգացողություն ունեն, ոչ էլ ոչ մի բան»,-նշում է զոհվածի հայրը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ