Իսպանիան համերաշխություն է հայտնել ՀՀ-ին՝ դեմ քվեարկելով Ադրբեջանի հետ միջազգային համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտնեց, որ Մադրիդում 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն։

Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը 174 դեմ և 132 կողմ ձայներով չի վավերացվել։

Քվեարկությունից առաջ՝ համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ, Ինյարիտուն «անհեթեթություն» է որակել նմանօրինակ համաձայնագրի ստորագրումը՝ հատկապես հենց այս պահին, երբ «ագրեսոր Ադրբեջանը սեպտեմբերին հարձակում էր իրականացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օկուպացնելով Հայաստանի մի քանի քառակուսի կիլոմետր տարածք»։ «Ադրբեջանական ռեժիմը կոռումպացված է, ագրեսոր և այլախոհների հանդեպ անհանդուրժող»,- նշել է Ինյարիտուն՝ ընդգծելով այդ երկրում խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների փաստն ու քաղբանտարկյալների մեծ թիվը։

Մեկ այլ պատգամավոր՝ Մարտա Ռոսիկը, դատապարտել է Իսպանիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ լուռ մնալու համար։ Նա նաև քննադատությամբ է հանդես եկել առ այն, որ Իսպանիան մինչ օրս չի ճանաչել «այնպիսի վայրագությունը, ինչպիսին է հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը և փոխարենը ցանկանում է նման համաձայնագիր կնքել»։

--00--ԱՀ