Երևանը քննարկում է Սաֆարովին Բաքվին տված Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Ոչ թե խզել էինք հարաբերությունները Հունգարիայի հետ, այլ սառեցրել էինք։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնման մասին տեղեկություններ կան, արդյոք հաստատո՞ւմ է ԱԳՆ-ն լուրը։

«Իսկապես, անցած տարի մենք տեսանք Հունգարիայի կողմից քայլ, որի արդյունքում 5 գերի վերադարձվեց Հայաստան, դրանից հետո տեսանք որոշ այլ քայլեր՝ Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին օգնություն էր տրամադրվել, նույն ձևով տրամադրվել էր նաև քովիդի դեմ պատվաստանյութեր Հայաստանին որպես օգնություն, վերջերս Բուդապեշտում բացվեց հայկական կաթոլիկ վերանորոգված եկեղեցին։ Այսինքն՝ տեսնում ենք որոշակի քայլեր այդ ուղղությամբ»,-նշեց փոխնախարարը։
 
Նրա խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է այդ իրավիճակին նույնպես տալ համապատասխան լուծում, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր։

«Կարծում եմ՝ այնտեղ զգուշավոր օպտիմիզմի տեղ կա»,-եզրափակեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին, իսկ 2012 թ․ մայիսի 31-ին Հայաստանը կասեցրեց այդ հարաբերությունները։

2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարել քնած հայ սպային: Երկարատև դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի:

 Հունգարական դատարանը բազմիցս հայտարարել էր Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երևանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

2012 թ․ օգոստոսի 31-ին, ներկայացնելով Սաֆարովի էքստրադիցիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետը, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց․

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը: Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ եւ միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջեւ: Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են: Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին: Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին»:

Նույն օրը ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը՝ փոխանցելով, որ տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու պաշտոնական Երեւանի որոշման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ