Երևանում անցկացվել են Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում նոյեմբերի 1-ին՝ Սպենդիարյանի ծննդյան օրը, թևածել է կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի երաժշտությունը։ Սպենդիարյանի շիրիմի մոտ հավաքվել են նրա արվեստի երկրպագուները, երաժշտական աշխարհի անվանի մարդիկ՝ հարգանքի տուրք մատուցելու և նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու համար, հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանից:

Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին արժեվորող և նրա անգնահատելի դերը հայ երաժշտարվեստի զարգացման գործում իրենց խոսքում նշել են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

«Ա. Սպենդիարյանի «Օրորոցային» և «Հրապուրել են ինձ քո սև աչերը» ռոմանսները կատարեցին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Նարինե Անանիկյանը (մեցո-սոպրանո) և Օֆելյա Համբարձումյանը (սոպրանո): Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 և Երևանի թիվ 154 դպրոցի սաները»,- ասվում է հաղորդագրության մեջ, ըստ որի՝ Սպենդիարյանի ծննդյան օրվա միջոցառումները շարունակվել են կոմպոզիտորի տուն-թանգարանում:

«Մեղեդի, երևակայություն, օրիգամի» խորագրի ներքո Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակույթի կենտրոնի օրիգամիի խմբակների սաներն, Սպենդիարյանի մանկության տարիների նախասիրած զբաղմունքի օրինակով, պատրաստելել են կենդանիների կերպարներ:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ճապոնիայի դեսպանության 2-րդ քարտուղար Րիկա Օնոդերան և մշակույթի բաժնի քարտուղար Լուսինե Ղանդիլյանը: Բացման խոսքով հանդես է եկել Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, այնուհետև օրիգամի արվեստի ծագման և նշանակության մասին խոսել է «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:

Նշվում է, որ կենդանիների պատրաստված կերպարներն իրենց տեղը կգտնեն Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունում: Տուն-թանգարանում կայացած միջոցառումը նվիրվել է նաև Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին:

--00—ԼՄ