Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը․ Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

RUB-1640680280.jpg

Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են: Այս մասին գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։

«Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը։
Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։

Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնեմ ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։ Մինչև հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի և մեր ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները»,- գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  տեղեկացրել էր՝ Արցախ տեղափոխված հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

Գործարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկին։ Նա գրել է, որ պատրաստ կլինի ընդունել առաջարկը այն դեպքում, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:

--00—ԶՀ