«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այցելել է Արագածոտնի վտանգված հուշարձաններ. ի՞նչ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներն իրականացրել են մարզի պահպանվածության առումով վտանգված մի շարք հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.

5-7-րդ դարերով թվագրվող Արուճի Կաթողիկե եկեղեցական համալիրը, որի Ս. Գրիգոր եկեղեցին իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 1950-60-ական թթ., սակայն առանձին հատվածներ ներկայումս քայքայված են:

Թալինի Կաթողիկե եկեղեցական համալիրի կառույցները, որոնցից առանձնանում է խաչաձև հատակագծով, եռախորան, գմբեթավոր բազիլիկը՝ Կաթողիկե եկեղեցին՝ սրահի կենտրոնի յուրահատուկ շրջանաձև սալահատակով:

Արուճի և Թալինի եռանավ քարավանատները՝  կիսավեր վիճակում: Վերջինս իր չափերով համարվում է Հայաստանի ամենամեծ քարավանատունը:

Արագածոտնի գավառը սելջուկներից ազատագրելու առիթով Կոշում 1195թ. կանգնեցված որմնափակ խաչքարը՝ խիստ խարխլված և հողմահարված:

Կոշ բնակավայրից 500մ դեպի հյուսիս-արևելք, ձորալանջի բարձրունքի վրա վեր խոյացող սբ. Ստեփանոս Եկեղեցին, որի հյուսիսային և արևմտյան պատերն ամրացված են ժայռերի մեջ:

Նաև Թալինի Ս. Աստվածածին եկեղեցու, Կոշի հիմնավեր մատուռի, «Կապույտ խաչ» մատուռի, ջրամբարի վիճակը:

ՊՈԱԿ-ի մասնագետները եղել են Կոշ բնակավայրի մի քանի հուշարձանների պահպանական գոտիների սահմաններում վերջերս արձանագրված իրավախախտման տարածքում:

--00—ԼՄ