ՀՀ-ի համար ոչ շահեկան վիճակ է, որևէ հեռանկար չկա, թուրքական պարտադրանքները շարունակելու են գերիշխել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Մ

Երբ թուրքական կողմը պնդում է, որ նորից կարող է «Ֆուտբոլային դիվանագիտություն» լինել, ամենևին չի նշանակում, որ 2008-09 թթ․ գործընթացի նյուանսները հնարավոր է պահպանել․ փոխվել են աշխարհաքաղաքական իրավիճակը, այն ժամանակվա իրողությունները, դերակատարները։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմային։

Ըստ Մելքոնյանի՝ «Ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինն ունի երկու հարթություն՝ տեխնիկական և խորքային, բովանդակային, քաղաքական․ «Տեխնիկականն այն է, որ ֆուտբոլային ակումբները հայտնվել են միևնույն խմբում, ինչպես 2008 թվականին, իսկ երկրորդ հարթությունը, որը վերաբերում է քաղաքական, բովանդակային մասին, առկա աշխարհաքաղաքական վիճակին, լիովին տարբերվում է 2008 և 2022 թվականներին»։

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել էր, որ կարգավորման գործընթացում Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանության համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցն է նաև Թուրքիայի հավաքականը: «Մարտին Հայաստանում ու սեպտեմբերին Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումները: Մեր հավաքականը կմեկնի Երևան, գուցե՝ նաև մենք»,- նշել էր Քըլըչը։

2008-ի սեպտեմբերին այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանել էր Երևան՝ երկրների հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ֆուտբոլային հանդիպմանը։ Ավելի ուշ Սարգսյանը Գյուլի առաջարկով ներկա էր եղել 2009 թվականի հոկտեմբերին Բուրսա քաղաքում Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպմանը։ Քաղաքում տեղի էին ունեցել նաև երկրների պատվիրակությունների, այնուհետև նախագահների հանդիպումներ։ Ընդհատված այս գործընթացը հայտնի էր դարձել «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումով։

Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի խոսքերով, Հայաստանի պարագայում փոխվել են նաև պրոֆեսիոնալ դիվանագետները՝ իրենց տեղը զիջելով ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին։ «Հետևաբար՝ դիվանագիտությունը նույնությամբ կրկնելն անհնար է։ Եվ թուրքական կողմի պնդումները կամ հավաստիացումները կարող են առավելապես վերաբերել հարցի տեխնիկական, մակերեսային կողմին, նրան, որ Հայաստանն ու Թուրքիան հայտնվել են նույն խմբում․ պատահակա՞ն է, թե ոչ, դա արդեն հարցի մյուս կողմն է», - նշեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Մելքոնյանի կարծիքով, որևէ դրական հեռանկար չի սպասվում Հայաստանին գործընթացի այս փուլում․ «Այնպես որ, շարունակելու են գերիշխող լինել թուրքական նախապայմանները և թուրքական պարտադրանքները, անկախ նրանից՝ դա կկոչվի «Ֆուտբոլային դիվանագիտություն 2» կամ այլ կերպ։ Սա Հայաստանի համար ոչ ձեռնտու, ոչ շահեկան վիճակում գործընթաց է, որի արդյունքները ես չգիտեմ՝ անգամ դա իրականացնողները պատերակցնո՞ւմ են, թե ոչ»։

Ըստ թուրքագետի՝ 2008-09-ին այնպիսի մի վիճակ էր, որ աշխարհաքաղաքական կոնսենսուս ու տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու ձգտում կար․ «Հայ-թուրքական գործընթացը նաև նոր թափ ստացավ ռուս-վրացական պատերազմից հետո՝ 2008 թվականին, և Թուրքիան նույնպես որոշակի նախաձեռնություն ցուցաբերեց։ Այսինքն՝ ոչ միայն Հայաստանը խնդրողի դերում չէր, որ «բացեք սահմանները, սկսենք հարաբերություններ», այլև Թուրքիան էր որոշակի նախաձեռնություններ ցույցաբերում։ Եվ այն ժամանակ դերակատարներն աշխարհի գերտերություններն էին․ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ վիզուալ դրսևորվում էր՝ ԱՄՆ պետքարտուղարն էր ներկա, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարները և այլն»։

Հիմա, ըստ Մելքոնյանի, դերակատարները ոչ թե կոնսենսուսային են, այլ՝ կոնֆլիկտային։ «Այսինքն՝ Ռուաստանը հայ-թուրքական հարաբերություններում այլ նպատակներ ունի, Արևմուտքն՝ այլ։ Եվ ամենակարևորը՝ Թուրքիան փոխել է իր, այսպես կոչված, քաշային կատեգորիան քաղաքականությա մեջ։ Եվ հիմա ավելի ինքնուրույն է հանդես գալիս, ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում իր նպատակաները։

Այսինքն՝ սա 2008-09 թվականների Թուրքիան չէ, որին կարող էին գերտերությունները որոշակի շրջանակների մեջ պահել կամ ինչ-որ պահանջներ դնել։ Լիովին այլ Թուրքիա է, որը գնում է իր նախապայմաններն ավելի ագրեսիվ կերպով կյանքի կոչելու։ Այնպես որ, հիմա, ցավոք սրտի, հայ-թուրքական հարաբերությունների ամենակարևոր դերակատարը Թուրքիան է՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով», - եզրափակեց նա։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ