Մաքսային հսկողությունից թաքցրել են Իրանից բերվող 19 հազար 150 տուփ ծխախոտ․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող առանց ակցիզային դրոշմանիշների ապրանքների  տեղափոխման նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Հարավային մաքսատուն վարչության Մեղրիի կետ-բաժնի աշխատակիցները համատեղ թիրախային հսկողություն են իրականացրել Ագարակ պետական սահմանի անցակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր թվով 383 հազար գլանակ կամ 19 հազար 150 տուփ ծխախոտային արտադրանք։

Փաստերի առթիվ` յուրաքանչյուր դեպքով, ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր և տրամադրվել են ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչություն վարչական վարույթ իրականացնելու նպատակով։

--00—ԻԴ