FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է Հայաստանի ավիացիոն ուղևորափոխադրումների առաջատարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1095013.jpg

Հայկական առաջին ազգային բյուջետային ավիաընկերությունը՝ FLYONE ARMENIA-ն, 2022թ․ ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։ Անցած 10 ամիսների ընթացքում ընկերությունը սպասարկել է ավելի քան 300.000 ուղևորի, որոնք FLYONE ARMENIA-ի օդանավերով ճամփորդել են Հայաստան և այլ երկրներ։

Ավիաընկերության հաղորդագրության համաձայն՝  հատկանշական է, որ 2003թ․ առ այսօր հայաստանյան որևէ ավիաընկերության չէր հաջողվել հայաստանյան ավիափոխադրումների ոլորտում վերականգնել առաջատար դիրքը։

«FLYONE ARMENIA ընկերությունը բազմիցս հայտարարել է հայկական ավիացիոն շուկայում առաջատար ընկերությունը դառնալու նպատակի մասին։ Այսօր, ընկերության գործունեության մեկնարկի մեկամյակին ընդառաջ, տեղեկացանք, որ առաջին ազգային բյուջետային ավիաընկերությունը հաջողությամբ հասել է իր առջև դրված նպատակներից մեկին։ Շնորհակալություն եմ հայտնում FLYONE ARMENIA-ի բոլոր ուղևորներին՝ վստահության համար, ինչպես նաև ընկերության անձնակազմին և մեր բոլոր գործընկերներին»,- ասել է ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ 

FLYONE ARMENIA-ի խորհրդի նախագահը նշել է, որ առաջիկայում ընկերությունն էլ ավելի է ընդլայնելու թռիչքների աշխարհագրությունը։ «Տեղյակ եք, որ դեկտեմբերի 19-ին տրվում է դեպի Եկատերինբուրգ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը։ Տեսանելի ապագայում մեր ավիացիոն ցանցին կավելանան Միներալնիյե Վոդի և Միլան քաղաքները։ Ավիաընկերությունն անելու է հնարավորն առաջատար դիրքը պահպանելու և փոխադրումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Անանյանը։

--00—ԶՀ