«Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News   

Կոշ
 ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ, գնդապետ Լյովա Բաղդասարյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Այս մասին 24News-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ 

Ըստ մեղադրանքի՝ Բաղդասարյանը, զբաղեցնելով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, այդտեղ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին կատարել է ակնհայտ ապօրինի անգործություն՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար ստացել է 700 հազար դրամ կաշառք, որից հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ 

Ենթադրյալ կաշառքի գումարը հավաքվել է հիմնարկում քրեական հեղինակություն համարվող դատապարտյալներ Հայկ Կարապետյանի և Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ, Բաղդասարյանը ենթադրյալ կաշառքի գումարը ստացել է «Կոշ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով։ Մեղադրյալներ են նաև Հայկ Կարապետյանն ու Արթուր Հովհաննիսյանը։

Ըստ մեղադրանքի՝ Լյովա Բաղդասրայանը կատարել է նաև պաշտոնեական կեղծիք և վատնման եղանակով հափշտակել է խոշոր չափերով պետական միջոցներ։ 

Բաղդասարյանը, համաձայն մեղադրանքի, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետի պաշտոնում նշանակել է իր հարևան Գրիգոր Առաքելյանին` սահմանելով աշխատավարձ ըստ հաստիքային ցուցակի և Առաքելյանին բանավոր ցուցում է տվել պահպանության ապահովման բաժին աշխատանքի հաճախելու փոխարեն կատարել իր անձնական հանձնարարություները, վարել ավտոմեքենա: «Գրիգոր Առաքելյանը 2018 թվականի մարտի 28-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 25-ը փաստացի աշխատանքի չի հաճախել, դրա փոխարեն կատարել է Լյովա Բաղդասարյանի անձնական հանձնարարությունները: Բաղդասարյանը քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ղեկավարությանը հայտնել է, որ Գրիգոր Առաքելյանն իր անձնական հանձնարարություններն է կատարում, ինչի հիման վրա էլ տվյալ բաժնի պետ Մանվել Քոչարյանի կողմից Գրիգոր Առաքելյանին պաշտոնի նշանակելուց հետո մինչև տվյալ պաշտոնից նրա ազատվելն ընկած ողջ ժամանակահատվածի համար կազմվել են վերջինիս աշխատանքի ներկայանալը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնք ստորագրվել են նաև կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավար Հրաչյա Մարտիրոսյանի կողմից: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող նշված փաստաթղթերը հաստատվել են Լյովա Բաղդասարյանի ստորագրությամբ: Արդյունքում Գրիգոր Առաքելյանի անվամբ հաշվարկվել և նրա քարտային հաշվին է փոխանցվել է 2.143.366 ՀՀ դրամ գումար՝ որպես աշխատավարձ և 262.654 ՀՀ դրամ՝ որպես պարգևավճար»։ 

Լյովա Բաղդասարյանը չի ընդունել մեղադրանքը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը Բաղդասարյանի դատավճիռը հրապարակել է սեպտեմբերի 2-ին։ «Կոշ»-ի նախկին պետը մեղավոր է ճանաչվել միայն կաշառք ստանալու դրվագով ու դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման։ Հայկ Կարապետյանը կաշառք տալու դրվագով դատապարտվել է 2 տարի 6 ամիս 13 օր ժամկետով ազատազրկման, Արթուր Հովհաննիսյանը կաշառք տալուն օժանդակելու դրվագով՝ 2 տարի 5 ամիս 28 օր:

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ