Ֆրանսիա-ՀՀ հարաբերություններն առանձնաշնորհյալ են. Եղոյանը հանդիպել է ֆրանսիացի պատգամավոր Դըլոգյուին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

Ս

Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն առանձնաշնորհյալ են. Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում: Ոգեւորող է, որ Ֆրանսիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության ներկայացուցիչը Հայաստանում է եւ նման հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ:

Այս մասին ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիեն Դըլոգյուի հետ հանդիպման ընթացքում:

Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կասեցման եւ դրա հետեւանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:

Հանձնաժողովի նախագահը, հանգամանորեն ներկայացնելով ստեղծված իրավիճակը, կարեւորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ եւ արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը բարձր է գնահատել երկու պետությունների միջեւ ձեւավորված հարաբերությունները:

Արձանագրելով, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանն առերեսվել է բազում բարդ մարտահրավերների՝ Սեբաստիեն Դըլոգյուն ասել է, որ Հայաստանում է, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին:

Արման Եղոյանը նշել է, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ ընդգծելով նաեւ միջխորհրդարանական սերտ շփումների անհրաժեշտությունը:

 

--00—ԱՊ