Պատրաստ ենք աջակցել ձեզ․ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տնօրենը՝ ՏԿԵ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան՝ այն որակելով որպես շատ կարևոր։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ համագործակցությունն ու շարունակական աջակցությունը։

ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը․«Պատրասը ենք շարունակել աշխատել Հայաստանի հետ։ Պատրաստ ենք աջակցել ձեզ նաև տեխնիկական ոլորտում»,-ասել է Ռաֆայել Գրոսիին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին։ Նախարարը մանրամասն ներկայացրել է մինչ այս պահն ատոմակայանում իրականացված վերազինման հսկայածավալ աշխատանքները և նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ «Մենք զգուշավորությամբ և չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այս ոլորտին»,-ասել է նախարար Սանոսյանը։

Կարևորվել է նաև երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման, վերապատրաստման անհրաժեշտությանը:

ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը:

--00—ԼՄ

Տեսանյութեր