Պատրաստ կլինեմ ԱՀ պետնախարարի պաշտոնն ընդունել, եթե մեր մոտեցումները լայն աջակցություն ստանան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

download.jpg

Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարեր Ռուբեն Վարդանյանը։

«Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում, քանի որ զոհասեղանին, որպես ազգ, մեր ապագան է դրված:

Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում: Մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու հավակնությունները և համախմբենք բոլոր առողջ ուժերին ինչպես Արցախում, այնպես էլ ողջ հայկական աշխարհում՝ հստակ գիտակցելով մեր առջև ծառացած մարտահրավերների լրջությունը:

Ուշադրությամբ ծանոթացել եմ նախագահի առաջարկին: Պատրաստ կլինեմ դա ընդունել այն դեպքում, եթե մեր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:

Ես պետք է համոզված լինեմ, որ մարդիկ ընդունում են իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականը, որ մենք պատրաստ ենք միասին հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք լինելու են մեր նպատակին հասնելու ճանապարհին: Միայն այդ դեպքում իմ նշանակումն իմաստ կունենա:

Առաջիկա օրերին ես շարունակելու եմ իմ շփումները մարդկանց հետ, որից հետո կկարողանամ պատասխանատու որոշում ընդունել»,-գրել է Վարդանյանը:
 

--00—ԶՀ