Գերեվարված հայ զինվորներին գնդակահարելու հրապարակումների հիման վրա վարույթ է նախաձեռնվել. «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ (միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի սպանության) և ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասով ( միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից ռազմագերու սպանությունը կանխելու համար): Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը աղբյուրի հետ զրույցում նշել էր, որ սպանված զինծառայողներից մի քանիսն արդեն նույնականացվել է, նրանք համարվում էին անհետ կորած։ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվածը հանդիսանում է առերևույթ հանցանքի մասին տեղեկություն և քրեական վարույթ նախաձեռնելու առիթ, տեղեկությունները ձեռք են բերվել հայտնի և բացահայտված աղբյուրից, դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 148-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական գնահատական, ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 41-րդ, 173-րդ, 177-րդ և 178-րդ, 180-182-րդ հոդվածների պահանջներով որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 148-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնել քրեական վարույթ և անմիջապես ձեռնամուխ լինել նախաքննության կատարմանը»,- նշեցին դատախազությունից։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել ադրբեջանցիների կողմից պատերազմական հանցագործության մասին առ այն, թե ինչպես նար ադրբեջանցի զինվորականները գնդակահարում գերեվարված հայ զինծառայողներին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում, ՊՆ-ից ևս հաստատել էին տեղեկությունը՝ արձանագրելով, որ դա ադրբեջանական ձեռագիրն է։ Տեղանքի նույնականացում արդեն կատարվել է, ամենայն հավանականությամբ դեպքը տեղի է ունեցել Իշխանասարում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ

Տեսանյութեր