Արցախի Խնապատ գյուղի բնակիչներից բոլորս շատ բան ունենք սովորելու․ Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

սա

Մեր ուժը մեր գյուղերի ու սեփական կարողությունների ու ուժերի նկատմամբ վստահության մեջ է: Արցախի Խնապատ գյուղի բնակիչներից բոլորս շատ բան ունենք սովորելու: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։

Ընդամենը ամիսներ առաջ էր թշնամին կրկին գնդակոծել գյուղը, բայց նրանց մտքով չի էլ անցնում լքել հարազատ բնակավայրը: Գտնվելով անմիջապես սահմանին՝ թշնամու թիրախում, խնապատցիները ոչ միայն չեն վհատվում, այլև ամուր կանգնած են իրենց հողի վրա ու դեռ ապագային ուղղված ծրագրեր են իրականացնում:

Գյուղի հողատարածքների զգալի մասը թշնամու նշանառության տակ է, ինչը խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական աշխատանքների համար: Բայց հուսահատությունն այս մարդկանց համար չէ: Ռուսաստանում ապրող իրենց հայրենակցի աջակցությամբ գյուղում սառնարանային տնտեսություն են հիմնել և մտածում են վերամշակող արտադրություն ունենալու ու իրենց գյուղի համեղ պտուղներն արտահանելու մասին: Իսկ գյուղի երեխաների համար ստեղծագործական պարապմունքների հնարավորություն են ստեղծել:

Խնապատ այցելությունն ու բնակիչների հետ հանդիպումը, նրանց հետ շփումն ինձ համար չափազանց կարևոր էր: Մշտապես անմիջական վտանգի տակ ապրող մարդիկ ավելի լավ են հասկանում իրավիճակն ու ձևակերպում մեր խնդիրները: Նրանք չեն դժգոհում իրենց վիճակից, ապրուստից, նյութական կորուստներից (թեև դրա բոլոր հիմքերն ունեն), նրանց մտահոգում է այն, որ ոչ բոլորն են գիտակցում հայրենիքը կորցնելու վտանգի լրջությունը: Նրանց հետ հանդիպումը ոգեշնչող էր: Այսպիսի կամք, ոգի ու արմատներ ունեցող մարդկանց հնարավոր չէ կոտրել: Հնարավոր չէ կոտրել նաև հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ համախմբված ժողովրդին:

--00—ԻԴ