2018-ից իշխանությունը շռայլ կյանքի և բարեկեցության համար հայրենիքը մաս առ մաս վաճառում է. Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

fd68d70a-0751-4c04-b2d9-81fcc01bf2db.jpg

Հայ ժողովրդի անվստահությունն իր ուժերի նկատմամբ, միջազգային հանրության հետ կապված ահավոր սարսափը թույլ չտվեցին ի կատար ածել Արցախի ինքնորոշումը, հասնել անկախության ճանաչմանը և հետագայում Հայաստանին միանալուն։ Այս մասին 24News-ին ասաց իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար, «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի անդամ Ավետիք Իշխանյանը։

Երրորդ պատճառը, ըստ Իշխանյանի, որոշ գործիչների՝ այլ պետությունների, միջազգային կառույցների, թուրք-ադրբեջանական գործակալ լինելն էր։ «Եվ հայ ժողովրդի մի մասի համար ավելի կարեւոր էր այսպես ասած լավ ապրելը, քան հայրենիք ունենալը», - հավելեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը։

Երեկ Կրեմլի Գեորգիևյան դահլիճում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր էր ստորագրել, ըստ որի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունը, Խերսոնի, Զապորոժիեի շրջանները ճանաչվեցին ՌԴ-ի մաս:

 «Ես ցանկանում եմ, որ Կիևի իշխանություններն ու Արևմուտքում նրանց իրական տերերը լսեն ինձ, որ բոլորը հիշեն դա։ Լուգանսկում և Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում ապրող մարդիկ դարձել են մեր քաղաքացիները... ընդմիշտ», - հայտարարել էր Պուտինը։

ՌԴ նախագահը հղում էր արել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների հավասար իրավունքներին և ինքնորոշման իրավունքին և Ուկրաինայից ավելի վաղ իրականացված անկախացմանը ՝ նշելով, որ միացումը «միլիոնավոր մարդկանց կամքն է», «անօտարելի իրավունքը»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ Արցախի անկախության ճանաչման և հետո Հայաստանին միանալու առաջին հնարավորությունը եղել է 1994 թվականին։ «Երբ որ Ադրբեջանի հետ հրադադար կնքվեց, և հրադադարի տակ ստորագրեց նաև Արցախի պաշտպանության նախարարը [այն ժամանակ Սամվել Բաբայանն էր], այսինքն՝ դե ֆակտո ընդունվեց Արցախի սուբյեկտայնությունը։ Դրան միանգամից պետք է հետևեր Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից՝ հետագա վերամիավորման համար։ Մինչ այդ էլ պատերազմական ժամանակ Հայաստանը պետք է ճանաչեր և ռազմական դաշինք կնքեր Արցախի հետ», - ընդգծեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի»-ի ղեկավարը։

Ըստ նրա՝ հետագայում ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այնպիսի քաղաքականություն վարեց, որ Արցախը նորից մտնի Ադրբեջանի կազմ։

«1998 թվականի իշխանափոխությունից հետո բավականին բարդ իրավիճակ առաջացավ, որովհետեւ նոր իշխանությունը բանակցությունները պետք է սկսեր այն կետից, որը մեզ որպես ժառանգություն թողել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բավական բարդ էր, բայց կարծում եմ՝ այն ժամանակ էլ եղան Արցախը ճանաչելու հնարավորություններ։ Օրինակ՝ Ռամիլ Սաֆարովի կացնահարելու դեպքից հետո [2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում Սաֆարովը, քնած ժամանակ կացնահարելով, սպանել էր լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին] Հայաստանը կարող էր ճանաչել Արցախի անկախությունը։ Հաջորդը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կամ հետո։ Այսինքն՝ մենք միշտ խուսափել ենք կտրուկ քայլեր անելուց», - ընդգծեց Իշխանյանը։

«Եւս մեկ կարևոր բան կա, մի քանի քանի գործիչներ հայտարարեցին՝ «ինչո՞ւ մենք պետք է զրկանքներ կրենք հանուն Արցախի»։ Այսինքն՝ մեր գործիչների ուղեղում դրված է, որ հանուն հայրենիքի չի կարելի զրկանքներ կրել։ Իսկ ամբողջ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ զրկանքներ էլ պետք է կրել, օր.՝ Իսրայելի դեպքում։ Իսրայել պետությունը ստեղծվել է հրեա գործիչների զրկանքների արդյունքում։ Եթե ուզում ես պետություն կառուցել, հայրենիք ունենալ, պետք է զրկանքներ կրես, ոչ թե մտածես լավ ապրելու մասին։ Հայրենիքը մենք դիտարկում ենք որպես անշարժ գույք, վաճառենք մաս-մաս, որ լավ ապրենք։ Հատկապես 2018 թվականից եկած, այսօրվա իշխանության ներկայացուցիչները բարեկեցության, շռայլ կյանքի համար հայրենիքը մաս առ մաս վաճառում են։ Եվ, կարծես թե, մեր ժողովրդի՝ պայքարելու պատրաստ հատվածի մարտնչելու ոգին մեռել է», - եզրափակեց իրավապաշտպանը։

--00—ԶՀ